Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարին՝ տարբեր երկրներում

Դեկտեմբեր 17,2014 12:30

Քանի որ Նոր տարին յոթ սարերի հետեւում չէ, որոշեցինք այս փոքրիկ հրապարակման միջոցով պատմել, թե տարբեր երկրներում մարդիկ ինչպես են դիմավորում Նոր տարին, որի հետ կապում են իրենց ունեցած երազներն ու ցանկությունները:

Ճապոնացիների մոտ ընդունված է, որ Նոր տարվա կեսգիշերին եկեղեցիների զանգերը հարյուր ութ անգամ ղողանջեն: Զանգի վերջին հարվածից հետո քնում են, որպեսզի լուսաբացին շուտ արթնանան, դուրս գան փողոց եւ Նոր տարին դիմավորեն ծագող արեւի առաջին ճառագայթների հետ: Նրանք, ովքեր չեն կարողանում արթնանալ, չեն կարող հուսալ, թե Նոր տարին իրենց համար հաջողակ կլինի:

Հնդկաստանում հավատում են, որ ամբողջ տարին կանցնի այնպես, ինչպես նրա առաջին օրը: Նրանք այդ օրվան մի առանձին խնամքով են նախապատրաստվում: Լուսամուտներն ու դռները զարդարում են լամպերով, իսկ տան առջեւ, գետնին ծաղիկներ են նկարում՝ ի նշան հյուրասիրության: Այդ օրն արգելվում է բարկանալ, անվայել խոսքեր ասել:
Վիետնամում Նոր տարվա գիշերը բարեկամներին կիսածաղկած դեղձենու ճյուղեր են նվիրում: Ընտանիքներն իրենց բարեկամների հետ երկար ժամանակ նստում են խարույկների շուրջ, միմյանց հեքիաթներ ու հետաքրքիր դեպքեր պատմում: Ընդունված է համարել, որ վիետնամցիները Նոր տարվա օրը (այլ ոչ թե իրենց ծննդյան իսկական օրը) մի տարով մեծանում են:

Բիրմայում, հինավուրց սովորության համաձայն, Նոր տարվա օրը իրար վրա դույլերով ջուր են լցնում, թրջում են թե ծանոթներին, թե անծանոթներին, որից ոչ ոք չի նեղանում:
Չինացիների Նոր տարվա սեղանին անպայման կարճ կտրած նարգիզներ են լինում:
Մոնղոլիայում Ձմեռ պապը նման է անցյալ դարերի հովվի: Նրա ձեռքին մահակ է, որով հաճախ չխչխկացնում է կողքից կախված ավանդական ծխախոտատուփը, հրահանն ու կայծքարը: Նա հագնում է խավոտ մուշտակ եւ գլխին դնում աղվեսի մորթուց մեծ փափախ:
Իրանում Նոր տարվա տոնը գարնանամուտի տոնն է: Այն սկսվում է մարտի 22-ի կեսգիշերին: Քաղաքներում ու գյուղերում որոտում են թնդանոթների ու հրացանների կրակոցները: Այդ պահին բոլորն իրենց ձեռքին պահում են արծաթե մետաղադրամներ:

Ըստ ժողովրդական հավատալիքների, ով այդպես չի վարվում, ամբողջ տարին անցկացնում է օտարության մեջ: Նոր տարվա առթիվ փոխվում է տան կավե ամանեղենը: Հինը ջարդում եւ նորն են գնում: Տոնակատարությունը տեւում է մի ամբողջ շաբաթ: Ընտանիքի գլխավորը տնեցիներին նոր զգեստներ է նվիրում: Տոնական սեղանին անպայման լինում է սխտոր, քացախ, ծլած ցորեն, դեռահաս հասկերի հյութ եւ կանաչ տերեւներով ապուր: Հաճախ սեղանին դնում են նաեւ կենդանի ձկնիկներով գավաթներ: Նոր տարին դիմավորելու համար բնակիչները դուրս են գալիս փողոց, խարույկ վառում եւ վրայով թռչում:
Եթովպիայում Նոր տարին տոնում են սեպտեմբերի կեսերին: Այն համընկնում է բերքի տոնին: Բնակիչները հավաքվում են քաղաքի կամ գյուղի ծայրին, իրենց հետ բերում են չոր ճյուղերի խրձեր, դարսում իրար վրա եւ վառում: Խարույկի շուրջը կազմակերպում են հանդիսավոր խաղեր ու պարեր:

Իտալացիները Նոր տարվա գիշերը իրենց տներից բակ կամ ուղղակի փողոց են նետում տնային հնացած իրերը: Ընդունված է, որ սա ընտանիքին Նոր տարուն հաջողություն կբերի: Փոքրիկներին հեքիաթներ են պատմում կախարդ Բեֆանի մասին, որը վառարանի ծխնելույզներով մտնում է տուն եւ երեխաներին կոշիկներ է նվեր բերում:
Գերմանացիների ու ավստրիացիների համար Նոր տարվա հաջողության խորհրդանիշը համարվում են ծխնելույզ սարքողն ու խոզը: Հին ժամանակ, եթե Նոր տարվա օրը փողոցում ծխնելույզ մաքրող էր երեւում, բոլորը վազում էին նրա ետեւից, աշխատելով քսվել նրան ու մրոտվել: Դա պետք է իրենց երջանկություն բերեր: Նոր տարվա սեղանին դնում են տապակած խոզ: Վիեննայի դրամատունը տասնյակ տարիներ շարունակ Նոր տարվա պատվին մեդալ-հուշանվեր է կտրում, որի վրա պատկերված է խոզի վրա նստած երեխա:
Հունաստանի որոշ գյուղերում հունվարի 8-ին իշխանությունն անցնում է կանանց ձեռքը: Այդ օրը նրանք զբաղվում են այնպիսի գործերով, որոնք սովորաբար հատուկ են տղամարդկանց. հավ, ճագար, գառ են մորթում, սրճարանում նստում են մի բաժակ գինի խմելու: Ուժեղ սեռի ներկայացուցիչները հանձն են առնում խոհանոցային գործերն ու երեխաների խնամքը՝ մխիթարելով իրենց այն բանով, որ կանանց երանավետ վիճակն ընդամենը մեկ օր է տեւելու:

Ֆինլանդիայում աղջիկները Նոր տարվա գիշերը ուսերի վրայով կոշիկ են նետում, եթե այն ընկնում է քթամասով դեպի դուռը, ուրեմն այդ տարի ամուսնանալու են: Նոր տարվա նվերները դնում են սեղանի վրա՝ շրջված ափսեների տակ:

Հունգարական գյուղերում Նոր տարվա նախօրյակին երկար հնչում են դիմակավորված երիտասարդների երգերը: Մութն ընկնելուն պես, նրանք ծիծաղաշարժ ներկայացումներ են տալիս. տղաները հարսնացու աղջիկներ ունեցող, իսկ աղջիկները՝ փեսացու տղաներ ունեցող տների առջեւ: Նոր տարվա սեղանին պետք է լինեն ավանդական սխտորով մեղրն ու խոճկորը, ընդ որում՝ պարտադիր չէ, որ վերջինս տապակած լինի, կարելի է նաեւ՝ շոկոլադով: Այդ օրը սեղանին ոչ հավ են դնում, ոչ բադ, ոչ սագ եւ ոչ էլ որեւէ այլ թռչուն, որպեսզի բախտը չթռչի տնից:

Հոլանդացիները Նոր տարվա սեղանին դնում են չամիչով թխած բլիթներ: Այդպիսի բլիթներ տնտեսուհիները թխում են տարին միայն մեկ անգամ: Կեսգիշերին այդ երկրի նավահանգիստներում կանգնած բոլոր նավերն ընդհատվող շչակներով ողջունում են Նոր տարվա գալուստը:

Մեքսիկացիները շատ յուրօրինակ ձեւով են տոնում Նոր տարին: Այն սենյակում, ուր հավաքվում են հյուրերը, կախում են գազանների ու հրեշների նկարներով զարդարված քաղցրավենիքներով լի մի ափսե, որն անվանում են Պինատ: Հյուրերի աչքերը հերթով կապում են, մահակը տալիս ձեռքը: Ում հաջողվի ջարդել ափսեն, Նոր տարվա ընթացքում երջանիկ կլինի:

Կազմեց ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ
գիտաշխատող

 

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031