Քիչ առաջ ՀՀ Աժ-ն արտահերթ նիստում 71 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ կատարվածը դատապարտող ՀՅԴ և ՀՀԿ հայտարարությունը:
Հայտարարության նախագծում ասված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
- Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
- Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,
- Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
- Առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
- Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:
ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:
Նշենք, որ շուրջ երկու ժամ առանց ընդմիջման տևած նիստի ընթացքում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություններ հայտնեցին, թե այս ամենը «իմատացիա և շոու է», «ռեժիմի և Սերժ Սարգսյանի դեմքը փրկելու» համար և այլն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ