Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «Դուք այստեղ զբաղված եք Սերժ Սարգսյանի ու ռեժիմի դեմքը փրկելու գործով» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 20:20

«Ես օդանավակայանից միանգամից եկա այստեղ՝ իմանալով, թե ինչ կարևոր հարց է քննարկվելու»,- քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համատեղ հայտարարությանը՝ կապված ազատամարտիկների և Արամ Մանուկյանի դեմ կատարվածին:

Պարոն Զուրաբյանը դա համարեց «ռեժիմի դեմքը փրկելու ֆարս» ու զգուշացրեց, որ իրենք չեն մասնակցելու և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո լքելու են դահլիճը: Այս խոսքերից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Քեզ խոսափող էր պետք, հա՞»:

Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իր կարծիքով՝ «դահլիճում գտնվող պատգամավորների մեծամասնությունը ոչ միայն որևէ կապ չունի այս քստմնելի բռնարարքների հետ, այլև հոգու խորքում խստորեն դատապարտում է»:

Այնուհետև հարց բարձրացրեց, թե ո՞վ է այս բռնարարքների հետևում կանգնած. «Թե՞ ոմանք փորձում են պնդել, որ սրանց հետևում Սերժ Սարգսյանն ու ռեժիմը կանգնած չեն: Եթե դուք՝ իշխանություններդ, իրականում սրբորեն հարգում եք քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, ուրեմն ակնհայտ էր, որ բռնություններից հետո ինչ պիտի կատարվեր երկրում: Վովա Գասպարյանը պետք է անմիջապես հրաժարական տար»:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Նախախորհրդարանի մեքենաների վրա հարձակումները, Գևորգ Սաֆարյանի վրա հարձակումը և այն, որ ոստիկանությունը այդ միջադեպերին ծաղրանքով է վերաբերվել: Այնուհետև նշեց, թե «մտքի գիգանտի՝ Վովա Գասպարյանի կարծիքով նման բռնարարքները հենց տեսախցիկների ներքո պիտի կատարվեին»:

Այնուհետև նշեց, թե ազատամարտիկների հետ կատարվածից հետո Լյովա Երանոսյանը անմիջապես պետք է պաշտոնանկ արվեր, բայց նա պաշտոնանկ չի արվել ու նրա և նրա ենթակաների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

Դառնալով Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակմանը՝ հայտարարեց, թե բարեբախտաբար Արամ Մանուկյանի վրա հարձակումը տեսախցիկների ներքո է կատարվել ու ասաց. «Կատարողի դեմքը արձանագրվել է, ու պարզվում է, որ նա առնչակցություն ունի Սերժ Սարգսյանին ամենահավատարիմ համարվող ԱԺ պատգամավորի հետ: Ու այդքանից հետո ԱԺ այդ պատգամավորը չի հարցաքննվում: Ավելին, այդ մարդիկ անմիջապես ազատվում են: Պարզվում է՝ սա մի ռեցիդիվիստ է, և նրան չեն բռնում: Էդ ո՞նց ա մեկը մի դատարկ շշով մյուսին խփել էր, տարիներ բանտում անցկացրեց, թե՞ գործում է կկուի սինդրոմը, երբ մարդ սպանեց նախագահի ախրաննիկը, բայց մեկ ժամ մեղադրյալի աթոռին նստած չեղավ»:

Լևոն Զուրաբյանը եզրափակեց. «Քանի դեռ ու քանի որ այս ամենը չի արվել, ես եզրակացնում եմ, որ դա չի արվել միայն մեկ պատճառով. այս ամենը կատարվել է Սերժ Սարգսյանի անձնական հրամանով, ու այստեղ դուք զբաղված են Սերժ Սարգսյանի ու ռեժիմի դեմքը փրկելու գործով: Սա քաղաքական մեղադրանք է»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Նորմալ խոսում ես, խոսի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031