Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը պատրաստ է շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ»

Դեկտեմբեր 16,2014 20:05

«Վիլնյուսյան համաժողովի արդյունքում մենք մեր հայ գործընկերների հետ համաձայնեցրինք գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաթեթ, որտեղ հստակ ներկայացված էր Արեւելյան գործընկերության ձեռքբերումները, ապագայի ուղին եւ ընթացքը»,- այսօր` դեկտեմբերի 16-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքերով` Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ քննարկումներ իրականացնել  իրավական նոր փաստաթղթերի եւ կարգավորման բազայի ձեւավորման համար` հարգելով սեպտեմբերի 3-ից ի վեր Հայաստանի ստանձնած հանձնառությունները. «Մենք կշարունակենք քաջալերել մեր գործընկերներին, որպեսզի նրանք մասնակցեն Արեւելյան գործընկերության բոլոր ձեւաչափերին երկկողմ եւ բազմակողմ հարթակներում եւ Արեւելյան գործընկերության բոլոր միջոցառումներին: Եվրամիությունը պատրաստ է շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ համաձայնեցված  բարեփոխումների ոլորտներում, դրանք են` լավ կառավարում, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական համակարգի բարեփոխումները, շարժունակության  գործընկերության իրականացումը, վիզաների դյուրացման եւ հետ ընդունման համաձայնագրերը, որոնք կնքված են եւ գործում են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ»:

Տրայան Հրիսթեան հավելեց, որ նոյեմբերի 4-ին Բրյուսելում հայ գործընկերների հետ սկսել են համագործակցության շրջանակի ուսումնասիրություն մասին քննարկում են կազմակերպել, որպեսզի պարզեն եւ որոշեն այն ոլորտները, որոնք չեն հակասում Հայաստանի ստանձնած նոր հանձնառություններին. «Երկու կողմերն էլ այս փոխադարձ ուսումնասիրություն-քննարկումների շրջանակներում պայմանավորվեցին, որ փորձելու են պահպանել այն, ինչ համաձայնեցված, բայց ձեւակերպված չէր Ասոցացման համաձայնագրի տեսքով: Համատեղ ուսումնասիրություն-քննարկումների առաջին նիստը նվիրված էր մեր փոխադարձ առեւտրին, արտաքին առեւտրի հետ կապված ապագա հնարավոր համագործակցության ուղղություններին: Հայկական կողմի հետ հնարավորինս աշխատեցինք, որպեսզի առեւտրի ոլորտում մեր ապագա համագործակցության ուղիները նախապես հնարավորինս որոշվեն»:

Ուսումնասիրությունների շրջանակում երկրորդ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, որը, ըստ Հրիսթեայի, վերաբերում էր ապագա համաձայնագրի քաղաքական, ինչպես նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներին առնչվող բաղադրիչներին. «Դա յուրովի մեկնարկային կետ էր, որովհետեւ ինտենսիվ քննարկումները դեռ պետք է շարունակվեն: Հուսով եմ, որ այս համագործակցության հաջորդ հենանիշը կլինի մյուս տարվա հունվարին Բրյուսելում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031