Դեկտեմբերի 22-ից մայրաքաղաքը հագեցած կլինի տոնական միջոցառումներով. հենց այդ օրը կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի համերգային ծրագրով, որին կմասնակցեն հայ էստրադային երգիչ-երգչուհիները»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ. «Բացօթյա միջոցառումներ նախընտրողները գոհ կմնան»,- ասաց փոխքաղաքապետը:
Կարդացեք նաև
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Կարապի լճում հանդիսավորությամբ կբացվի սահադաշտը։
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում կմեկնարկի դեկտեմբերի 31-ի երեկոյան և կշարունակվի մինչև կեսգիշերն անց: Ա. Սուքիասյանի խոսքով՝ այդ գիշեր մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժ. 02։00-ն։
Հանրապետության հրապարակում հունվարի 5-ին նախատեսված միջոցառումը հատկապես մանուկների համար է. «Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, որոնք կկատարեն մանկական երգեր, նաև զուգերգեր այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, որոնք հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում»,- նշեց Ա. Սուքիասյանը։
Սուրբծննդյան տոնի համերգը թեմատիկ կլինի: Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։
Ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։
Ա. Սուքիասյանը ներկայացրեց նաև քաղաքապետարանի կողմից նախատեսված սոցիալական ամանորյա ծրագրերը. «Երևանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների համար (քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար)։ 24.300 ընտանիք էլ տոնի նախօրեին սննդային փաթեթներ կստանա»,- տեղեկացրեց Ա. Սուքիասյանը և հավելեց, որ քաղաքապետարանի ենթակայության թատրոններում (Պատանի հանդիսատեսի թատրոն, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն) նաև ամանորյա մանկական ներկայացումներ են նախատեսվում, և 4.000 երեխաներ ներկայացումների տոմսեր կստանան։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ