Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ներկայացվում է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող:
Նա, մասնավորապես ասաց. «Երկար բացատրության հարց չկա, քանի որ հայտարարության բովանդակությունն ու նրա անհրաժեշտությունը այս երկու օրերի՝ ԱԺ հիմնական քննարկման առարկան է եղել, իհարկե ԱԺ դահլիճից դուրս, խորհրդակցություններ տարբեր քաղաքական ուժերի հետ և այլն»:
Արմեն Ռուստամյանը նշեց, թե այս հայտարարությունը ունի նաև կանխարգելիչ նշանակություն: Դառնալով Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը և ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին, պարոն Ռուստամյանն ասաց. «Ինչ տեղի ունեցավ որևէ քաղաքակիրթ հասարակության համար անհարիր է, և նման անձինք պիտի իմանան, որ այդ տիպի արարքների համար որևէ հանդուրժողականություն լինել չեն կարող՝ անկախ նրանից՝ որ դաշտից և ում հետ ունեցած հարաբերությունների պատճառով է:
Մարդկանց ազատ խոսքի իրավունքը այս ձևով ոտնահարել, ինքնադատաստաններ տեսնել և հասարակությանը դնել նման կատարված փաստի առաջ անթույլատրելի է: Մեր խնդիրն է նման երևույթները միահամուռ դատապարտելը»:
Կարդացեք նաև
Այնուհետև նշեց, թե «վախի, սարսափի մթնոլորտը անցյալում եղած մի դառը հիշողություն պիտի համարվի»: Պարոն Ռուստամյանը եզրափակեց, թե քաղաքական ուժերի հմտությունն ու հասունությունը հենց նրանում է, որ կարողանան հասնել համաձայնության, քանի որ «բաժանվելը, տրոհվելը տարբեր բարիկադներում հայտնվելը ամենահեշտ բանն է, ամենադժվարը գտնելն է այն միավորողն ու միասնականը, որը մեզ նույն տեղն է տամում»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վրդովված արձագանքեց ու նախապես ասաց, որ «դեմ է» քվեարկելու, քանի որ դա «գոլորշի բաց թողնելու նման բան է». «Այն փաստը, որ հայտարարում եք, թե հայտարարության համահեղինակը ՀՀԿ խմբակցությունն է, արդեն թույլ տվեք այս փաստով կասկած հայտնել, որ սա արվում է բռնությունների հետևում կանգնածների ինդուլգենցիա տալու, նրանցից այդ մեղադրանքը շեղելու համար»:
Այնուհետև պարոն Փաշինյանը հիշեցրեց այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, այն դեպքում, երբ երեկվանից ՀՀԿ-ն այս հայտարարությունն է շրջանառում. «Այսօր էլ ԱԺ սպիտակ մազերով յոթանասունամյա պատգամավորը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին վերջին փողոցային արտահայտություններն է տեղացնում, ու մեկը չկա շեշտի: Մեկ ուրիշն էլ անհասցե ափըռ ցփըռ հայտարարություն է անում, հետո գնում մամուլում հայտարարում, թե ինչ են ասել: Այս դահլիճում ով որ ասելու բան ունի, բարձրախոս էլ ունի, հերթագրվելու իրավունք էլ ունի, թե՞ վախենում են բառապաշարի ինսուլտ ստանան, չկարողանան երեք րոպե մինչև վերջ արտահայտել իրենց միտքը: Իրենց իմացած երեք բառերն են կրկնում, ու իրենց անուն ազգանունը գրելու քննություն, որ հանձնեն, բավարար չեն ստանա:
Այնուհետև հայտարարեց, թե եթե ՀՀԿ-ն այդքան հանդուրժող է կարող է ուղղակի խմբակցության նիստ հրավիրել. «Թող որոշ պատգամավորների բացատրեն ախոռի և ԱԺ տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը ՀՀ-ում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու հարցում»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «չի կարող մի դաշտում լինել այն ՀՀԿ-ական պատգամավորի հետ, որը փողոցային բառապաշարը և խուլիգանական պահվածք ունի, և իմ քաղաքական գործունեությունը նվիրված է լինելու նրանց իրենց տեղը ցույց տալուն և հավատացած եղեք, որ այդ տեղը դուք ստանալու եք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ