«Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի աջակցել Հայաստանին կրթական ոլորտում»,- վստահեցնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Երբ Հայաստանն ընտրություն կատարեց աշխարհաքաղաքական երկու միությունների միջև, շատ էին հոռետեսները, որոնք կարծում էին, որ այդ դեպքում ԵՄ-ի աջակցությունը կնվազի կամ կզրոյանա: Բայց ԵՄ պաշտոնյաները վստահեցնում են, որ որևէ տեսակի ծրագիր չի փակվելու Հայաստանում, ընդհակառակը. ԵՄ-ը շարունակելու է իր ուշադրությունը սևեռել հատկապես կրթության ոլորտի հարցերի վրա»,- այսօր՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2007 թ. ի վեր ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացված ծրագրերի ամփոփման ժամանակ ասաց պարոն Աշոտյանը:
Նախարարը չի կարծում, որ Հայաստանի և ԵՄ-ի ապագա գործընկերության համար կրթությունը միակ ու բացառիկ ոլորտն է. «Ես կարծում եմ, որ ծրագրի շարունակությունն ընդամենը մի մասն է լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի, որում տեղ կգտնեն հաջողված, ավանդական ծրագրեր, ինչպիսիք են ԵՄ-ի հետ մեր համագործակցության ծրագրերը կրթության բնագավառում»,- ասաց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը մեզ համար կարևորագույն գործընկեր է կրթության ոլորտում իրականցվող բարեփոխումների առումով. «Երբեմն ԵՄ-ի աջակցությունը ճակատագրական է եղել մեզ համար և այդպիսին է նաև այսօր՝ ոլորտի հետագա զարգացման համար: 2007 թ. մեկնարկած բյուջետային աջակցության ծրագիրը, որի նախաձեռնությունը համատեղ էր և իրականացումը նույնպես, հնարավորություն տվեց Հայաստանին նոր տեսակի փոփոխություններ իրականացնել մասնագիտական կրթության ոլորտում: ԵՄ աջակցությունն արժեքավոր է ոչ միայն ֆինանսական և բովանդակային տեսակետից, այլև այն, որ ԵՄ-ի շնորհիվ կարողացանք ձևավորել աջակիցների, դոնորների միջազգային կոալիցիա: Եթե չլիներ 2007-ին մեկնարկած ԵՄ ծրագիրը, ամերիկյան, եվրոպական շատ ու շատ նախաձեռնություններ ուղղակի տեղի չէին ունենա»,- ասաց ԿԳ նախարարը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի. «Ես շատ անկեղծ խոստովանել եմ մեր գործընկերներին, նաև պարոն դեսպանին՝ Տրայան Հրիսթեային, որ եթե ԵՄ-ը դուրս գա մասնագիտական կրթության աջակցության ծրագրից, ապա մենք կկորցնենք նաև մեր մյուս գործընկերների ուշադրությունը, որովհետև ԵՄ-ն առանցքային դերակատարություն ունի այս ճակատում»,- ասաց Ա. Աշոտյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ իր հերթին նշեց, որ ԵՄ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին կրթական ոլորտում:
Կարդացեք նաև
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ կենտրոնում վերջին տարիներին շուրջ 7000 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, քոլեջների ու ուսումնարանների տնօրեններ են վերապատրաստվել: Մշակվել են 146 պետական կրթական չափորոշիչներ և մոդուլային ուսումնական ծրագրեր: Տպագրվել են 83 անուն ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր. «Ծրագրի կարևոր տարրերից մեկն էլ այն էր, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարելավման համար ընտրվեցին 12 փորձարարական քոլեջներ, որոնք ստացան համապատասխան աջակցություն»,- ասաց նա:
Նշենք, որ բյուջետային աջակցությունը ՀՀ-ին 2007-2015 թթ., կազմում է 40 մլն եվրո:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ