Հոռոմի խաչմերուկում կատարված ողբերգական դեպքերից հետո Գյումրու ավագանին ուղերձ էր հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով մշակել ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ:
Ի պատասխան Գյումրու ավագանու ուղերձի՝ օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը Սամվել Բալասանյանին պատասխանել է, որ «ՀՀ պետական կառավարման մարմինները իրականացրել և իրականացնում են նման ողբերգական դեպքերի բացառմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ՝ դրա հետ մեկտեղ փորձելով տրանսպորտային միջոցներ շահագործող համայնքների, կազմակերպությունների և քաղաքացիների համար չառաջացնել լրացուցիչ թույլտվությունների ստացման, փորձաքննությունների անցման և այլ ծախսերի կատարման անհրաժեշտություն»:
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը այս պատասխանը որակում է որպես «անհեթեթ, ձևական, ոչինչ չասող, ջրալի պատասխան»: «Մենք պահանջել էինք կոնկրետ, արմատական միջոցներ ձեռք առնել, որպեսզի մահվան դեպքերը մոտեցվեն զրոյի: Դուք հիշում եք հանդիպումը. ոստիկանությունից եկել էին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ ու էդտեղ էդ մասին խոսակցություն եղավ: Վիճակագրությունը, որը ես ունեմ, ստացել եմ ոստիկանությունից, ասում է, որ վերջին 4 տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան դեպքերը չեն նվազում, մնում են գրեթե հաստատուն: Աճում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, աճում են վիրավորման դեպքերի թվերը, մարմնական վնասվածքների: Մահվան դեպքերը մնում են հաստատուն՝ չնայած տեսախցիկներին: Ոստիկանությունն ասում է՝ գիտեք էս ընթացքում արագընթաց ավտոմեքենաների թիվն է ավելացել, լավ է, որ մահվան դեպքերը մնացել են նույնը: Եվ, դժբախտաբար, ինչպես բանակի դեպքում է, իրենք համոզմունք ունեն, որ ինչ էլ անեն, պետք է մահվան դեպքեր լինեն: Այսինքն, ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի. ոստիկանությունը, տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների նախարարությունները միացյալ պիտի համոզմունք ունենան, որ կա միջոցառումների փաթեթ, որի արդյունքում կարելի է հասնել ճանապարհատրանսպորտային դեպքերի, վթարների և մարմնական վնասվածքների թվի կտրուկ անկման: Իրենք չեն հավատում դրան, իրենք ասում են՝ մեկ է, ինչ էլ անենք, պիտի լինի…
Ես հարցնում եմ Հոռոմի խաչմերուկում որ գնամ, կանգնեմ, առավոտ-գիշեր հսկեմ մարդկանցով, նշաններով տարբեր, չի լինի չէ՞ վթար, ասում են՝ այո, չի լինի, դե դուք գնացեք կանգնեք, ասում են՝ մենք էդքան մարդ չունենք: Ես էլ առաջարկում եմ, գնացեք էդ բիոզուգարանները ծախեք, մարդ ունեցեք, գնացեք, կանգնեք, ես չեմ ասում տվեք ձեր աշխատակազմը, ես կդասավորեմ, հաստատ ունեք էդքան մարդ: Տարեկան բյուջեն ոստիկանության աճում է 14 տոկոսով, հաստատ ձև կա: Հոռոմի խաչմերուկը վերակառուցեք այնպես, որ հնարավոր չլինի ուղիղ թռնել իրար դեմ: Օրինակ՝ Վրաստանում, Ախալքալակի խաչմերուկները վերակառուցել են, հնարավոր չէ ուղիղ ճակատով զարկել իրար, ուղիղ քշեցիր, հայտնվում ես գազոնի մեջ, մեջտեղի թմբի մեջ: Չես կարող զարկել իրար, կամ պետք է ոլոր-մոլոր պտտվես, դուրս գաս, արագությունդ իջավ 30, արդեն էլ էդպիսի վնասներ չես ունենա:
Կարդացեք նաև
Կամ օրենսդրություն եք մշակում, քանի՞ անգամ եք գնացել մարզ, փորձառու վարորդներից 10 հոգու հանդիպել, քանի՞ անգամ եք նստել էդ վարորդների հետ, քարտեզը փռել ու նայել՝ որտեղ ինչ կարգավորում է պետք: Դուք ձերը գիտեք, բայց վարորդների մասին է չէ՞ օրենսդրությունը, էդ մարդկանց կարծիքը ինչո՞ւ չեք լսում», -ասում է Լևոն Բարսեղյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ