«Այն, ինչ ներքուստ մենք ուզում ենք՝ ստանում ենք: Մենք կեղծավոր ենք, ազնիվ չենք, սիրում ենք մեր գործը թեթեւացնել՝ ուրիշինը բարդացնել, մեր սխալները չտեսնել, մեղքը գցել արտաքին գերտերությունների վրա: Սա հիվանդ մարդու ախտանիշներ են, ուժեղ մարդը առաջինը նայում է իր մոտ առկա խնդրին: Մենք ուզում ենք մնալ հիվանդ, բայց լավ ապրել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա ամփոփելով քաղաքական եւ տնտեսական անցնող տարին, նշեց, որ դեռեւս 2009 թվականի մարտին է կառուցել ՀՀ ճգնաժամի կորը, որտեղ նշել էր 2014 թվականի աշնանից ուշ մինչեւ 2016 թվականի վերջը: Ըստ այդմ, փորձագետի կանխատեսմամբ, Հայաստանը մտնելու է լուրջ տատանումների մեջ. «Երբ այն ժամանակ նման բան էի ասում շատերը չէին ընդունում, բայց դրանից դուրս գալու միայն մի ձեւ կա, շատ պետություններ դուրս են եկել ճգնաժամից: Ազգի իրական վերնախավի ներկայացուցիչները երկու նախաքայլ պետք է անեն եւ հետո՝ քայլ: Առաջինը՝ կողքի շպրտեն անհատական հավակնությունները, երկրորդը՝ սկսել ինքնաբյուրեղանալ, ինքնակազմակերպվել»:
Փորձագետը 100%-ով վստահեցնում է, որ մեզ շատ ծանր փուլ է սպասվում, եթե «էլիտան իրական առաքելությունը չանի». «Կմնանք որպես պետություն շատ լավ, չենք մնա` ուրեմն ոչ մեկին եկեք չմեղադրենք, ձեւը սա է, այլ տարբերակ չկա»:
Նա հավելեց, որ դաշտում ոչ մի ուժ գոյություն չունի, որը հիմա պատրաստ է այս խնդիրը լուծել. «Պետք չէ երկիրը վատ վիճակից հանելու համար քարուքանդ անել այն, որից հետո պարզ չէ երկիր կմնա, թե՝ ոչ»:
Խոսելով փոխարժեքի տատանումների մասին՝ պարոն Մեսրոբյանն ասաց, որ կարծես ծանր, հիվանդ մարդու մաշկի գույնի փոփոխություն լինի. բոլորս կենտրոնանում ենք մաշկի գույնի վրա՝ չիմանալով, որ մարդու մեջ խորքային, հիվանդագին գործընթացներ են գնում:
«Մենք չենք տարբերում զարգացում եւ աճ. դինոզավրերն էլ են աճում, բայց չեն զարգանում: Եթե տեսնենք, որ բյուջեի ծախսային մասում մի քանի հանգույցային ուղղություններով կտրուկ փոփոխություններ են լինում, օրինակ` կրթություն, առողջապահություն, արտադրություն եւ այլն, կմտածեմ, որ պետությունը որոշել է զարգանալ: Իմանալով 2015 թվականի բյուջեի ծախսային կառուցվածքային մասը ես երաշխավորում եմ, որ որակական լավ փոփոխությունների մի սպասեք»,-նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ այս տարի եւս չհաջողվեց ներկրման եւ արտահանման ծախսերում էական, որակական փոփոխություն ունենալ. «Մենք երեք անգամ ավել ներկրում ենք, քան արտահանում, իսկ սա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է ավելցուկային արտարժույթ»:
Կարդացեք նաև
Շատերին, ըստ Հարություն Մեսրոբյանի`թվում է, որ 2008 թվականի ճգնաժամը ավարտվել է եւ հիմա նոր ճգնաժամ է գալիս: Փորձագետը նշում է, որ վաղուց սկսված ճգնաժամը չի ավարտվել, ուղղակի մեր գրպանին «խփեց» 2008-ին: «Մինչեւ մի բան մեր գրպանին չի խփում՝ ուշադրություն չենք դարձնում կանխատեսումներին եւ արթնանում ենք շատ ուշ, երբ արդեն ճգնաժամի վերջն է»,-ասաց պարոն Մեսրոբյանը՝ հիմնական պատճառը նշելով, որ դոլարը մեծ խնդիրներ ունի, որը առաջացավ, երբ Միացյալ նահանգների պետական պարտքը անցավ 10 տրիլիոն դոլարից, որը հիմա մոտենում է 17-ի:
«Ոչ այնքան կարեւոր է դոլարի փոխարժեքը՝ բարձր եւ ցածր, այլ՝ ցանկացած արժույթի փոխարժեքի տատանումը, որովհետեւ այդ ժամանակ է մեծ փողեր դիզվում: Եթե կան տուժողներ՝ այս դեպքում ժողովուրդը, ապա կան շահողներ: Ոչ մի սարսափելի բան չի կատարվել, ուղղակի տատանումը, երբ սկսվում է, միանում է սպեկուլյատիվ կապիտալը, ուժեղացնում է տատանումը, որպեսզի ավելի շատ գումար վաստակի»-ասաց փորձագետը` բերելով մի քանի պետությունների փորձը, որոնք ոսկի են առնում , դրանով համալրելով իրենց պետական արժութային ռեսուրսները:
Հայաստանն, ըստ Մեսրոբյանի `անմրցունակ է բոլոր բաղադրիչներով. «Մարտահրավերները սաստկանում են եւ մոտենում են կրիտիկական կետի՝ մենք` ինքներս, շարունակում ենք մնալ ոչ ադեկվատ եւ զարմանալ, որ մեզ սպասում են մեծ ցնցումներ»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ