«Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» հանրային քննարկմանը ներկա էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանում թվայնացման գործընթացում մեծ է քաղաքացիական հասարակության դերը:
Նա ներկաներին հայտնեց, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որտեղ կկարգավորվեն փորձագետների մատնացույց արած բոլոր խնդիրները:
Անդրադառնալով սոցիալապես անապահով ընտանիքներին ապակոդավորող սարքերի հատկացմանը` նա ասաց. «2010 թվականին ամբողջովին այլ էր ցուցանիշը եւ ամբողջովին այլ է ներկայիս ցուցանիշը: Բայց մենք չենք հստակեցրել սոցիալական ծրագիրը, որը հստակեցման փուլում է: Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կհստակեցնենք սոցիալական ծրագիրը եւ ապակոդավորող սարքերի հատկացման կարգը, դա նույնպես հանրային քննարկման կներկայացնենք»:
Սուրեն Պետրոսյանի խոսքերով` ազատականացման արդյունքում ազատված հաճախականությունները տրամադրվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը մրցութային կարգով այդ հաճախականությունները տրամադրելու է:
Կարդացեք նաև
Նա չժխտեց կարծիքները, որ օրենքում կա բաց եւ հավելեց, որ դա քննարկման առարկա կդառնա եւ կկարգավորվի օրենքով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ