Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ՀԱԷԿ-ի շուրջ հասունացող սկանդալի հետ կապված լրագրողների հետ զրույցում ասաց, որ թերթերում կարդացածից ավելի բան չունի ասելու. «Այդ գործով հիմա զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը գնում է կոմերցիայի գծով տեղակալի մասին, որի գործունեության արդյունքում համենայնդեպս մինչեւ ուսումնասիրություն չկատարվի, ոչ մի բան չեմ կարող ասել: Երբ այդ իրավիճակը ստեղծվեց, տնօրենը ազատվեց իր պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի փոխտնօրենը կասկածվում է փողերի լվացման մեջ:
Մեր հարցին, թե Արմեն Մովսիսյանն ի՞նչ առնչություն ունի այդ ամենի հետ՝ Արեգ Գալստյանը պատասխանեց, որ տնօրենը նշանակվել է 2012-ին, իսկ նախորդը երկար տարիներ էր պաշտոնավարել: Այդ ժամանակահատվածում, ինչքան ես հիշում եմ, նաեւ աշխատել է այն փոխտնօրենը՝ կոմերցիայի գծով: Մենք չարաշահումների մասին տեղյակ եղանք, երբ տեղյակ եղան բոլորը: Արդյունքում նա ազատվեց պաշտոնից: Կարծում եմ, նա ճիշտ քայլ է արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ