Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի գործարարը Կարեն Ճշմարիտյանին. «Պետք է գտնել նոր շուկաներ եւ ունենալ ծաղկուն միջավայր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 17:10

«Կոշիկի Լյուքս» ընկերության ղեկավար Գագիկ Բոստանջյանն այսօր Էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Կարեն Ճշմարիտյանին դժգոհեց, որ հայաստանյան բանկերը ռուսական ռուբլին փոխանակելիս, ինչ-որ մարժա են սահմանել, ինչի արդյունքում տեղական արտադրողները տուժում են, եւ այն շահույթը, որը պետք է ստանան ապրանքը արտահանելիս, ռուսականը դրամի վերածելիս՝ այդ շահույթը կորցնում են:

Ի պատասխան Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ կզբաղվեն այդ հարցով:

Թեթեւ արդյունաբերողները հանդիպել էին էկոնոմիկայի նախարարին՝ քննարկելու ոլորտի խնդիրները:

«Երամար» ընկերության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանն էլ բարձրացրեց տրանսպորտային ծախսերի հարցը, որոնք տնտեսվարողի վրա բավականին թանկ են արժենում: Ասաց, որ այդ պատճառով շուկաներ ենք կորցնում:

Karen-Chshmarityan-1 Karen-Chshmarityan-2

Նախարարն ասաց, որ տրանսպորտային ընկերությունների ծախսերը կուսումնասիրեն եւ աջակցման մեխանիզմներ կմտածեն:

Կարեն Ճշմարիտյանի եւ տնտեսվարողի երկխոսությունը՝ տեսանյութում

«Տոսպ» ընկերության համասեփականատեր Ռիմա Բեկիրսկին իր գործունեության ընթացքում չի հիշում մի դեպք, որ հարկայինը «Տոսպին» ստուգի եւ չասի, որ քիչ են վճարում: Նրա խոսքերով, բոլոր հարկուտուրքերը պարտաճանաչ վճարում են եւ բացառապես աշխատում են օրենքի դաշտում, սակայն միեւնույն է հարկայինը դժգոհ է: Տիկին Ռիման խնդիր է տեսնում նաեւ աշխատող ընդունելու օրենսդրությունում.

«Մարդը մտավ, համարվում է աշխատող, ստուգողը եկավ, եթե գրանցված չէ, տուգանում է, բայց պետք է չէ՞ մի քանի օր այդ մարդն աշխատի, տեսնենք կարողանում է այդ գործն անել թե ոչ: Այսինքն՝ ժամանակավոր ռեժիմը չի գործում»:

Նախարարը վստահեցրեց, որ նման խնդիր կարող է բոլոր ոլորտներում էլ առաջանալ եւ խնդիրն, իսկապես, օրենսդրական է:

«Եղվարդի մարզակոշիկների գործարանի» ղեկավար Միշա Ուլիխանյանը նախարարին առաջարկեց մի այնպիսի կառույց ստեղծել, որը կզբաղվի իրացման խնդիրներով, քանի որ արտադրողը չի կարողանում նաեւ ապրանքը վաճառել:
Պարոն Ճշմարիտյանն ասաց, որ ինքն արդեն 15 տարի է այս հարցը բարձրացնում է:

Բոլոր տնտեսվարողների խնդիրները լսելուց հետո, «Բրատեքս» ընկերության ղեկավար Ստեֆանո Ֆաբրիսը նկատեց. «Ճիշտ է գնալ դեպի նոր շուկաներ, բայց դրանք պահանջում են որակյալ ապրանք: Որպեսզի որակյալ ապրանք ստացվի, պետք է այդ արտադրական շղթան կապված լինի մեկը մյուսին որակյալ քայլերով: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, միջավայր, ծաղկուն միջավայր, իսկ այդ ամենն իրականացնելու համար, իհարկե, բավական բաներ պակասում են»:

Կարեն Ճշմարիտյանը իտալացի գործարարին ուշադիր լսեց ու անցավ առաջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031