2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ: Ողջունելով մասնակիցներին` ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և էապես կարևորում է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը և հետաքրքրված է ընդլայնել համագործակցության ոլորտների շրջանակը. «Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ ակտիվ համագործակցության համատեքստում արձանագրված ձեռքբերումների համար՝ մուտքի արտոնագրի դյուրացման և ազատականացման գործընթացում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև համագործակցության սերտացմանը:
Բարձր եմ գնահատում նաև ամերիկյան կողմի` երկու պետությունների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում դիրքորոշման վերանայումը: Վստահ եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր ու բարենպաստ միջավայրի ստեղծման համար»: Նախարարը կարևորել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված ակտիվ, փոխշահավետ և արդյունավետ փոխհամագործակցությունն, ինչպես նաև կարևորագույն ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը երկարատև համագործակցության կարևորագույն հարթակներից է դարձել և կշարունակի այդպիսին մնալ: Կողմերը, նախորդ շաբաթ հայտարարված արտոնագրային ռեժիմի հետ կապված փոխհամաձայնությանն անդրադառնալուց բացի, քննարկել են նաև 2013թ. նիստի արդյունքում ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված մյուս կետերի կատարման ընթացքը:
Հայկական կողմը, ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես ընդգծել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, Հարկային օրենսգրքի ստեղծմանն ուղղված աշխատանքները, էներգետիկայի ոլորտում` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով վերջերս կնքված վարկային համաձայնագրի կարևորությունը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Մեծամորի ատոմակայանին տրամադրվող ԱՄՆ աջակցության, մեր երկրում ջրավազանների կառավարման հարցերի շուրջ. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է մինչև 2015 թվականի սեպտեմբերը բարելավել ջրի կառավարման մասին օրենսդրությունը: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը` հստակեցնելով 2015թ. գարնանը նախատեսված Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման շրջանակները` ներառյալ հնարավոր երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են խորացնել տնտեսական ու առևտրային կապերը երկու երկրների միջև:
ՀՀ Ֆինանսների նախարարություն