ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ իշխանականները ցայտնոտային տրամադրություն ունեն. «Նրանց վարվելաձեւը բոյկոտ չէր, քանի որ ԱԺ-ում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ընդհանրապես կապ չունեցող խնդիր էր: Ես դա համարում եմ ձախողել ԱԺ-ի աշխատանքները, որը, ինչպես տեսաք, չստացվեց»:
Հարցին՝ դոլարի փոխարժեքի հետ կապված կո՞ղմ եք, որ արտահերթ նիստ հրավիրվի՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ կարող են հանձնաժողովներում լսումներ կազմակերպել: Դեմ կլինեն, թե չէ՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ չի կարող հստակ պատասխանել. «Քաղաքական թիմը պետք է որոշի: Համենայնդեպս, գործողություններն անհեթեթ եմ համարում»:
Բռնությունների վերաբերյալ միասնական հայտարարություն անելու հարցը դեռ օրակարգում է: Գալուստ Սահակյանն ասաց, որ այս պահին դեռ քննարկվում է այդ խնդիրը, բանակցություն են տանում, եթե համաձայնեն՝ կլինի. «Բոլորի հետ քննարկվում է: Իմ հայտարարության տեքստը հնչեց, քաղաքական ուժերը քննարկում են, բայց տեքստի խնդիրն է: Տեսնենք քննարկումների արդյունքում ինչ կլինի՝ կորոշենք: Խմբակցության ղեկավարները փորձում են համատեղել եւ հայտարարություն մշակել: Ես պատրաստ եմ ամեն դեպքում հայտարարության համար, կողմնակից եմ դրան, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչեւ արտահերթ որեւէ պատգամավոր չեկավ, որեւէ քննարկման չմասնակցեցին: Կարծում եմ, որ պարզապես փորձում են միտինգային եղանակները տեղափոխել ԱԺ, եւ իրենց միտինգները շարունակել: Մանավանդ լրագրողները շատ են խոսում այն մասին, որ միտինգները կանգնեցին, արդյունքները չերեւացին: Ըստ երեւույթին, այդ բացը լցնելու խնդիր ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ