Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ պատգամավորի ծեծի մասին. «Այդ ավանդույթը ձեւավորվեց 20 տարիների ընթացքում, եւ իշխանությունը լկտիացավ»

Դեկտեմբեր 16,2014 16:58

1996-ին բռնություններ եղան ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, դա օգնեց իշխանությունը պահելո՞ւն, թե՞ հակառակը: Այսօր ոչ իշխանականների հրավիրած ասուլիսում լրագրողների այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «96-ին ես ասել եմ, կրկնում եմ նույն դիրքորոշումը՝ եթե մենք այդ պահին ունենայինք այն իշխանությունն ու հասարակությունը, որ դատապարտեր դա, մենք այսօր այս օրի չէինք հասնի: Ավանդույթը մի օրում չի ձեւավորվում: Այդ ավանդույթը ձեւավորվեց 20 տարիների ընթացքում, եւ իշխանությունը լկտիացավ: Եթե այսօրվա իշխանության ներկայացուցիչն ասում է, որ ինչ-որ մարդկանց ականջները շան թուլի նման կկտրի, եթե ինչ-որ հայտարարություն անեն, կամ ազատամարտի հրամանատարին ասում են՝ դու պետք է լքես Հայաստանը, ես վստահ եմ, որ եթե վաղը մարդիկ հավաքվեն, բողոք արտահայտեն, կկրակվի նրանց վրա: Որեւէ փոփոխություն իմ մոտեցումների մեջ չկա»:

Հարցին՝ քաղաքական կապրիզ չէ՞ր ձեր բոյկոտը, կանոնակարգ օրենքի խախտում, քանի որ ՀՀԿ-ն համաձայնել էր բովանդակային քննարկում անել, հայտարարություն՝ արտահերթից հետո՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հստակ չասաց, որ իրենք հայտարարելու են արտահերթ նիստ, ինչի մասին հստակ արտահայտում են: Ամենատարբեր ձեւակերպումները եղան, ընդհուպ մինչեւ խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ հայտարարություն արվի կամ ուղղակի քվեարկել խորհրդարանում՝ առանց քննարկումների: Մենք տառապանքի փորձ ունենք, խնդիր էր դրված խուսափել հրապարակային քննարկումից: Բայց անկախ նրանից կմիանայինք, թե ոչ, Գալուստ Սահակյանն ասաց, որ ունենք հայտարարություն, որը կանեն արտահերթ նիստին: Դա ենթադրում էր, որ անկախ նրանից՝ քաղաքական ոչ իշխանական ուժերը կմիանային, թե ոչ, արտահերթ նիստը պետք է լիներ: Քաղաքական ուժերը չմիացան, ինչո՞ւ չեղավ քննարկում, իրենք ունեին 70 ձայն, կարող էին քննարկել եւ հայտարարություն անել: Քաղաքական կապրիզը լավ ձեւակերպում է, բայց որեւէ կապ չունի 4 քաղաքական ուժերի որդեգրած մարտավարության հետ»:

Նաիրա Զոհրաբյանը բացատրեց, որ խոսք է գնացել ոչ թե նիստը ընդհատելու, այլ հենց այդ պահին կայացնել որոշում բոլոր քաղաքական ուժերով, նիստի ավարտին հրավիրել արտահերթ նստաշրջան: Ինչո՞ւ իրենք չհամաձայնեցին, որովհետեւ կատեգորիկ դեմ էին այն կետին, որը պահանջում էր փոխոստիկանապետի հրաժարականը: Իրենք պնդեցին, որ նման հրաժարական չեն պահանջում եւ չեն կարող պահանջել»:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ «Քաղաքական մեծամասնությունը գտնում էր, որ 1 նախագիծ պետք է լինի, որեւէ մեկը որեւէ այլ առաջարկություն չպիտի աներ: Դրա պատճառով որեւէ համաձայնության չենք եկել»:

Ինչպես տեղեկացրել ենք, ոչ իշխանական ուժերը մտադիր են հրավիրել նոր արտահերթ նիստ՝ այս անգամ քննարկելու դոլարի փոխարժեքի ստեղծած խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ՀՀԿ ներկայացուցիչներին չտապալել առաջարկվող արտահերթ նիստը. «Մենք բոլորս միասին փորձենք ստանալ բոլոր հարցերի պատասխանները, որը հուզում է այսօր ՀՀ բոլոր ընտանիքներին, փորձենք միասին լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից: Այլապես միայն հղում անել ՌԴ-ին եւ ասել, որ ՌԴ-ում ստեղծված իրավիճակը դոմինոյի էֆեկտով անդրադառնում է ՀՀ-ի վրա, տնտեսապես ճիշտ եւ գրագետ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031