«Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ». այս խորագրով ծրագրի շրջանակներում հուլիսից «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն Տավուշի մարզի 15 գյուղերի ֆերմերներին ծանոթացրեց թայվանական տեխնոլոգիաներին: ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` ՀԵՀ-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում 120 ֆերմերներ մասնակցել են տեղեկատվական սեմինար-քննարկումների, որոնց ընթացքում նրանց ներկայացվել են թայվանական տեխնոլոգիաները:
Ծրագրի ղեկավար Կարինե Սառիկյան նշեց. «Թայվանական արդի տեխնոլոգիաները ներառում են բարձրարժեք բանջարեղենների նոր բուժիչ հակաօքսիդենտային հատկություններով և բետտա կարոտինով օժտված նոր սորտերի և հիբրիդների ավանդական և ոչ ավանդական տեսակների օգտագործում, բանջարեղենների սածիլների արտադրության ժամանակակից արտադրամասերի հիմնում, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներում և ջերմոցներում սածիլների արտադրության և բույսերի մշակման նոր մեթոդներ, ինչպես նաև բանջարեղենների արտադրության ասպարեզում ինչպես բաց դաշտում, այնպես էլ ջերմատներում օգտագործվող նոր փոքրածավալ մեքենաների և գյուղատնտեսական գործիքների և այլ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություններ»:
Ըստ Կարինե Սառիկյանի` թեև Տավուշի մարզի ազգաբնակչությունը բանջարեղենների պահանջը բավարարում է հիմնականում ներկրումների հաշվին, սակայն կլիմայի փոփոխության պայմաններում հնարավոր է նաև տեղում կազմակերպել բարձրարժեք բանջարեղենների արտադրություն: Կարինե Սառիկյանը նշեց, որ իրենց աշխատանքները չեն կասեցվել նույնիսկ սահմանային լարվածության շրջանում, երբ հակառակորդի կողմից կրակոցներ էին հնչում. «Ցանկանում էինք լինել սահմանամերձ բնակիչների կողքին և կազմակերպել մեր աշխատանքների բնականոն ընթացքը և բարձրացնել մեզ դրամաշնորհ հատկացրած կազմակերությունների հեղինակությունը»:
Ծրագրի շրջանակներում ֆերմերներին փոխանցվել են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են բերքատվության բարձրացմանը: Կարինե Սառիկյանը մանրամասնեց. «Տրվել են գործնական գիտելիքներ այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ օգտագործել, որ արտադրանքի տեսքը լինի գրավիչ, կամ ինչպես բերք ստանալ քարքարոտ տարածքներում, կամ ինչպես անել, որ արտադրանքի գրավիչ տեսքը երկար պահպանվի: Կարինե Սառիկյանը նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր համայնքում ծրագրի յոթ մասնակցի անվճար տրամադրվել են նաև բանջարեղենի /պոմիդոր, տաքդեղ, բադրիջան, վարունգ/ ՀՀ արտոնագրված և փաթեթավորված / 1 փաթեթի մեջ 5 գրամ/ տարբեր սորտերի բարձրորակ սերմեր, որոնք արտադրվել են ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում և բուծվել Կ. Սառիկյանի ու նրա գործընկերների կողմից:
Նշենք, որ ծրագրի իրականացման ակնկալվում է ձևավորել գյուղական բնակչության և երիտասարդների շրջանում նոր մեթոդներով և տեխնոլոգիաներով գյուղատնտեսության տնտեսական արժեհամակարգ, այս տեխնոլոգիաներով մշակվել նոր հողատարածքներ, ստեղծել սածիլներ արտադրող ժամանակակից արտադրամասեր, ՓՄՁ-ներ, նոր աշխատատեղեր:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն