Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին բռնություններն արագացնելո՞ւ են իշխանափոխության շարժումը

Դեկտեմբեր 16,2014 16:35

Այսօր ոչ իշխանական ուժերի հրավիրած ասուլիսում լրագրողները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է այս բռնությունները՝ Արամ Մանուկյանի, ազատամարտիկների ծեծը, արագացնեն իշխանափոխության շարժումը եւ այդ հարցում ինչո՞վ կարող է օգնել ձեզ ՕԵԿ-ը: Նաիրա Զոհրաբյանը չպատասխանեց:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ «ՕԵԿ-ը հստակ ներկայացրել է իր մոտեցումները եւ մենք այսօր գտնում ենք, որ արտահերթ նիստ պետք է հրավիրվի: ՕԵԿ-ի օգնել-չօգնելու հետ կապված հարցը ճիշտ չի ձեւակերպված: Մենք խնդիր ենք տեսնում տվյալ իրավիճակում եւ հստակ արտահայտում ենք այն»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Այն, որ Հայաստանում պիտի անպայման լինի իշխանափոխություն, որովհետեւ երկիրը կանգնած է լրջագույն ճգնաժամային իրավիճակի առջեւ բոլոր ոլորտներում՝ այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Բայց մենք չենք կարող առաջնորդվել որքան վատ, այդքան լավ սկզբունքով, որ ինչքան շատ վատ բաներ լինեն, արագացնեն իշխանափոխության պրոցեսը: Երկիրն այնպիսի լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, որ այս ամենը բավարար է՝ իշխանափոխություն իրականացնելու համար»:

Նա ասաց, որ ցավում է, որ կեղծ հայրենասերներ են հայտնվում եւ իրականացնում իրենց հայրենասիրական ակցիաները. «Ծիծաղելի է, անպատվաբեր է նման վարկածներ քննարկելը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ բռնությունները նպատակ ունեն վախեցնել, ահաբեկել քաղաքական ուժերին, հետ պահել իրենց քաղաքական պայքարից. «Հիմա վախեցրել են, թե ոչ՝ Արամ Մանուկյանը կոնկրետ վախեցած չէր: Երեկ մոտն եմ եղել, վախեցած չէր: Կարծում եմ, մինչեւ հիմա բռնություններով պահել են իշխանությունը: Քանի որ իշխանությունն ինքն ածանցված է ժողովրդից, ժողովուրդն ազատ է իր քվեն տալու հարցում, որեւէ մեկը չի կարող նրա վզին փաթաթել այլ իշխանություն, քան այն, ինչը ցանկանում է ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031