Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն ամփոփեց մրցաշրջան 2014-ում ֆեդերացիայի կատարած աշխատանքները:
Բերելով նվաճած մեդալների ընդհանուր վիճակագրական թվերը` պարոն Գեւորգյանը նշեց, որ ԱԻԲԱ-ի որոշմամբ անցնող տարում մեծահասակների համար պաշտոնական առաջնություններ` աշխարհի ու Եվրոպայի, չեն անցկացվել ու նաեւ այդ պատճառով ֆեդերացիան հիմնական շեշտը դրել է երիտասարդների վրա ու վերջիններն իրենց արդարացրել են: «Երիտասարդների աշխարհի առաջնությունում մենք ունեցանք բացառիկ երեւույթ. Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի աղջիկ չեմպիոն, իսկ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ նվաճեց: Հետագայում այս բռնցքամարտիկները մասնակցեցին պատանեկան օլիմպիական խաղերին, որտեղ Նարեկն արժանացավ բրոնզե մեդալի: Այս ձեռքբերումները հայկական բռնցքամարտի համար բացառիկ են վերջին 15 տարում: Ֆեդերացիայի որոշմամբ մեր հավաքականի մյուս բռնցքամարտիկներն էլ, այսպես ասած, երկրորդ թիմը, միջազգային պաշտոնական ռինգում իրենց դրսեւորելու հնարավորություն ունեցան, ինչն արդարացվեց եւ տվեց արդյունքներ», – ասաց Արթուր Գեւորգյանը: Խոսելով մեծահասակների մասին` ֆեդերացիայի նախագահը նշեց, որ միջազգային մրցումներում մեդալներ նվաճած տղաները հաղթեցին աշխարհի չեմպիոնների: «Դա լուրջ հայտ է, որ նրանք 2015-ի օլիմպիական վարկանիշային տարում իրենց ավելի լավ դրսեւորեն», – ասաց նա:
Ֆեդերացիայի նախագահը մարզիկի աշխատանքը գնահատում է ոչ այնքան տարած հաղթանակների քանակով, այլ նրանով, թե ում ես հաղթել: Նրա համոզմամբ, ռինգում հաղթել միշտ էլ հնարավոր է, բայց էականն այն է, թե ովքեր են եղել մրցակիցները, բռնցքամարտիկը ում է հաղթել:
Ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ բռնցքամարտի աշխարհագրությունը անցնող տարում մեծացել է: Ավելացել է եւս հինգ մարզասրահ, երեքը` Երեւանում, մեկական` Տավուշում, Իջեւանում եւ Արցախում: Արթուր Գեւորգյանը Aravot.am- ի հարցին ի պատասխան՝ բնական համարեց, որ այս տարվա լավագույն տասնյակում բռնցքամարտիկներ չկան, թեեւ երիտասարդները բացառիկ արդյունքներ են ցույց տվել: «Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ընտրվում են մեծահասակների մեջ: Արդեն ասացի, որ այս տարի բռնցքամարտում աշխարհի ու մայրցամաքային առաջնություններ չեն եղել, հետեւաբար, բնական է, որ բռնցքամարտիկներ տասնյակում չկան», – պատասխանեց ֆեդերացիայի նախագահը:
Կարդացեք նաև
Ֆեդերացիայի նախագահը հանգամանալից ներկայացրեց նաեւ, թե ինչպես են կազմակերպվելու երիտասարդական եւ պատանեկան հավաքականների մարզիչների աշխատանքները, ինչպես են արդեն ընտրվում հավաքականների անդամները: Նա անցնող մրցաշրջանում ֆեդերացիայի ձեռքբերումների մեջ կարեւորեց հատկապես ներքին մրցումներում արդարության վերականգնումը: «Ուսումնասիրելով անցած տարվա առաջնության արդյունքները` նկատեցի մի հետաքրքիր երեւույթ. յոթ գյումրեցի մտել է եզրափակիչ, բայց մեկն է հաղթող դառնում: Հնարավոր է: Բայց իմ մեջ կասկած առաջացավ: Մենք սկսեցինք մեր առաջնություններին դրսից բարձրակարգ մրցավարներ հրավիրել, որոնք չեն ճանաչում ռինգ մտնող բռնցքամարտիկներին, չգիտեն, թե նա որ մարզչի սանն է: Եվ արդարությունը վերականգնվեց: Հիմա հավաքական թիմի մոտ 50 %-ը գյումրեցի է, Գեղարքունիքից մարզիկը գալիս եւ հաղթող է դառնում: Ո՞վ է ասում, թե անպայման պիտի երեւանցիները լինեն: Դա երեւանցիներին դաս եղավ, որ հետագայում ավելի լավ մարզվեն: Մենք Երեւանից ունենք շատ լավ մարզիկներ: Բայց նրանց օգնելով, որ անպայման իրենք հաղթեն, այդպես նրանց վատություն ենք անում», – ասաց Արթուր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ