Փորձագետ Անդրանիկ Մարկոսյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» հանրային քննարկման ընթացքում նշեց, որ խնդիրներ են առաջանալու ալեհավաքների հետ, քանի որ կարիք է լինելու տեղադրել նոր ալեհավաքներ, դա էլ իր հետ բերելու է լրացուցիչ խնդիրներ եւ ծախսեր: Նա նկատեց, որ այդ հարցը դեռ քննարկված չէ եւ լուծումներ չեն առաջարկվել` հասկանալու համար, ինչպես է այն լուծվելու:
Անդրանիկ Մարկոսյանին նաեւ հետաքրքիր էր, թե արդյոք ծրագիրը համատեղելի՞ է հայերենի հետ. «Իմ ունեցած տեղեկություններով՝ այն հայերենի հետ խնդիրներ ուներ` հայերեն տառերը պարզ չեն արտացոլվում հեռուստացույցի էկրանին: Այդ խնդրին եւս պետք է լուծում տալ»:
Փորձագետը նկատեց, որ մալուխային հեռուստատեսությունը Հայաստանում բավականին տարածված է, համացանցի արագությունն էլ օրեցօր աճում է, այդ պատճառով էլ, ըստ նրա, առաջարկվող ձեւաչափը 10 տարի հետո անիմաստ կլինի. «4 տարի առաջ եւ հիմա իրավիճակը բավականին փոխվել է հենց տեխնոլոգիայի առումով, իմ կարծիքով` թվային հեռուստատեսությունը այս ձեւաչափով երկար կյանք չպետք է ունենա, որովհետեւ ինքը բավականին մեծ մրցակցության է հանդիպում տեխնոլոգիաների կողմից, ինչպիսին է IP, մալուխային հեռուստատեսությունը: Հարց է` 10 տարուց հետո արդյոք այս ծախսերով իր շահագործումը իմաստ կունենա՞, թե՞ ոչ: Այս ներդրումն էլ անիմաստ է դառնալու, առանց այդ էլ մենք շատ ուշացանք, մի քիչ էլ որ ուշացնենք՝ ընդհանրապես անիմաստ է դառնալու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ