Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ իշխանականները՝ ՀՅԴ-ին՝ «Թույլ տվեք մենք ինքներս որոշենք, թե որ պահի համար ինչպիսի ստրատեգիա ենք ընտրում»

Դեկտեմբեր 16,2014 16:24

Թե ինչ քննարկում են ունեցել ՀՅԴ-ի հետ «Եռյակ+ՕԵԿ-ը» այսօր հրավիրած ասուլիսում, վերջիններիս ներկայացուցիչները չմանրամասնեցին՝ դա թողնելով ՀՅԴ-ին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում քննարկման ողջ մանրամասները հրապարակել. «Իրենք ուզում են առաջարկել արտահերթ նիստ, բայց այն տեքստը, որն առաջարկվում է համատեղ հայտարարության համար, մեզ համար ընդունելի չէ: Եթե իրենք հարմար գտնեն հրապարակել իրենց խոսքը, թող հրապարակեն: Կհրավիրեն արտահերթ նիստ, կմասնակցի ԲՀԿ-ն թե ոչ՝ կքննարկենք մեր խմբակցությունում»:

Aravot.am-ի հարցին՝ երեկվա Ձեր բոյկոտից հետո ՀՅԴ-ն որոշ գնահատականներ տվեց, որ երբ ԵՏՄ պայմանագրին կողմ եք քվեարկում, հետո բոյկոտում օրենսդրական քննարկումները, իրենց համար անհասկանալի է, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեզ համար բացարձակապես անընդունելի է երկրի արտաքին պարտքն ավելացնել կասկածելի վարկերով: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, թե որքանով են այդ վարկերն արդյունավետ: Ուղղակիորեն այդ վարկերի գերակշիռ մասը փոշիացվում է: Բնականաբար, ԲՀԿ-ն միանշանակ դեմ է երկրի արտաքին պարտքը ավելացնելուն: Թե ինչու 4 քաղաքական ուժեր ընտրեցին բոյկոտի այդ տարբերակը՝ դա մեր մարտավարությունն է: Շատ հարգում եմ ՀՅԴ-ի տեսակետը, բայց թույլ տվեք մենք ինքներս որոշենք, թե ինչպիսի ստրատեգիա ենք ընտրում որ պահի համար, ինչպիսի քայլեր ենք ընտրում»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, իրենց բոյկոտը կարող են շահարկել, բայց այն քաղաքական տեխնոլոգիա է. «Եթե ՀՀԿ-ն ցանկանում է ինչ-որ հարց անցկացնել, բովանդակային քննարկումը որեւէ նշանակություն չունի: Գալիս են կարծրացած տեսակետով, թե ինչ պետք է քննարկեն: Անկախ նրանից, մենք այդտեղ կմասնակցեինք, թե ոչ, հասկանալի է, որ իրենք կքվեարկեն այն, ինչ ուզում են: Հարցն այն է, որ դոլարն այսօր սրընթաց աճում է եւ մենք նոր պարտք ենք վերցնում: Եթե փորձեն բացատրել, թե այսօր ուր են տանում, բովանդակային կոնտակտ մեր ԱԺ-ն ցավոք չի ստեղծում: Մեր որեւէ հարցադրում արտաքին քաղաքականության, ֆինանսական հարցերի հետ կապված պատասխան չի ստանում: Պատասխանը ստանում ենք կոճակներով՝ մենք այսպես ենք ուզում, այնպես ենք անում: Ինչ էլ անեինք, 70 կոճակը միաժամանակ կքվեարկեր»:

Գագիկ Ջհանգիրյանի բացատրելով էլ՝ այս նստաշրջանի բոյկոտը վերաբերում էր միայն Արամ Մանուկյանի խնդրին չարձագանքելու հիմնավորմամբ. «Մենք ակնկալում էինք, որ ԱԺ նիստը պետք է սկսեր ԱԺ նախագահի ցավակցական խոսքով եւ մեզ կբաժանվեր հայտարարության տեքստ, որը կքննարկեինք: Մենք ասել էինք, որ կլինի այդպիսի դատապարտում, կվերադառնանք երեքշաբթի եւ կշարունակեինք արտահերթ նիստի քննարկումը: Մենք թե հանձնաժողովային քննարկումների ենք մասնակցել, առաջարկություններ ունեցել, բայց քանի որ մեր գործընկերոջ այդ դժբախտ դեպքին, չասեմ հանցագործության նկատմամբ այդպիսի անտարբերություն էր, որոշեցինք բոյկոտել: Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, ոստիկանապետը նշանակվում է վարչապետի համաձայնությամբ նախագահի կողմից: Քանի որ գործադիրը հաշվետու է ԱԺ-ին, բնականաբար, մենք իրավունք ունենք ցանկացած տիպի պահանջներով, հայտարարություններով դիմել գործադիրին: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ բոյկոտն այն ձեւն էր, որն ընտրվեց տվյալ իրավիճակում, այն ուղղված էր կոնկրետ իրավիճակին: Ակնկալվում էր, որ ԱԺ-ն արագ կարձագանքեր այս խնդրին: Իսկապես վարկային ծրագրերը կարեւոր փաթեթ էին, այս իրավիճակում անորոշության պայմաններում վերցնել նոր վարկ՝ անընդունելի էր: Մենք արտահայտվել էինք հանձնաժողովների քննարկումների ժամանակ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Մեր բոյկոտը, մեր այս քաղաքական հարցն ուղղված էր ինչպես մեր գործընկերոջ, այնպես էլ ազատամարտիկների նկատմամբ հարձակումներին: Նրանք խորհրդանշում են մեր ազատամարտը: Քաղաքացին այսօր պաշտպանված չէ, նույնիսկ ԱԺ պատգամավորը պաշտպանված չէ, որն անձեռնմխելի է, նույնիսկ ազատամարտին մասնակցած մեր հրամանատարը պաշտպանված չէ: ԱԺ-ն, որպես ներկայացուցչական մարմին, անդրադառնում է այս բոլոր բռնարարքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031