Երեկ, ինչպես տեղեկացրել ենք, միջադեպ տեղի ունեցավ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի միջեւ այն ժամանակ, երբ ընդմիջում հայտարարվեց մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:
Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ ինքը պատահաբար է հայտնվել այնտեղ: Իմ հարցին, թե «հրավիրված էիք միջոցառմանը», պատասխանեց.«Շատ ճիշտ հարց եք տալիս: Այդ համաժողովներն ում համար են արվում: Եթե մեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է քաղաքացիների սեփականության պաշտպանությամբ, եւ կարծես թե պետությունը ցույց էր տալիս, որ այո, նրանք էլ են շահագրգռված, ինչո՞ւ չէին կանչել մեզ, ինչո՞ւ չեն ուզում մեզ հետ համագործակցել: Ինձ իմ ծանոթներից մեկը , որը ներկա էր, երբ լսել էր Գ. Կոստանյանին, զանգեց, հրավիրեց, որպեսզի ես գամ ներկա լինեմ»:
Կողմերը փոխադարձ մեղադրեցին, մի դեպքում գլխավոր դատախազին Ս.Բաղդասարյանն ասաց, որ ճիշտ չի ներկայացնում իրենց գործը ՄԻԵԴ-ում, որ Հայաստանի կառավարությունն առաջարկ չի արել իրենց, իսկ գլխավոր դատախազն էլ վայրկյաններ անց լրատվամիջոցներին բաժանեց «Ս.Բաղդասարյանն ու Զարիկյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի վերաբերյալ իրենց տեղեկանքը, որտեղ նշված էր, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է 55, 7 քմ. մակերեսով բնակարանի համար 117.5 քմ. մակերեսով բնակարան, պահանջելով վերադարձնել իրենց փոխհատուցած գումարը՝ 20.080 ԱՄՆ դոլարը:
Սակայն թե Ս.Բաղդասարյանը, թե Զարիկյանը հրաժարվել են, պահանջելով 300 հարյուր հազար եվրո:
Կարդացեք նաև
Եվրադատարանը բավարարել է ընդդեմ պետության գանգատը, եւ մեր քաղաքացիների համար որոշել 44 հազար եվրո: Ի դեպ, երբ կառավարությունը ըստ այս տեղեկանքի իր առարկություններն էր ներկայացրել ՄԻԵԴ, պատասխանել էր. «ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջում է հստակեցնել, որպես փոխհատուցում առաջարկվող բնակարանի տվյալները: Հարցմանն ի պատասխան կառավարությունը տեղեկացնում է, որ որպես փոխհատուցում դիմումատուներին առաջարկվող կոնկրետ բնակարանը 117.5 քմ. Է, դրա կոնկրետ հասցեն Ամիրյան 4/6 շենք է, բնակարան 31, եւ ՄԻԵԴ է ուղարկվում բնակարանի սեփականության վկայականը»:
Ս. Բաղդասարյանն ասում է նաեւ, որ կառավարությունն իրենց հաշտություն չի առաջարկել, մինչդեռ, երեկ շրջանառության մեջ դրված տեղեկանքից տեղեկանում ենք, որ «28.08.2008-ին կառավարությունն առաջարկել է հաշտության համաձայնագիր գրել եւ ՄԻԵԴ-ից նրանց հայցը հետ վերցնել եւ նրանց արդեն իսկ վճարած 20.080 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պայմանով՝ նրանց տրամադրել Բուզանդ-Կորյունի խաչմերուկում կառուցվող շենքից 140 քմ. մակերեսով բնակարանը եւ մինչ շահագործման հանձնելը ամսեկան վարձավճար՝ 120 հազար ՀՀ դրամ»:
«Հստակ ասում եմ, ոչ արդարացի տեղեկանք է, ուզում եմ իմանաք, որ ստում են: Իբր ինձ առաջարկել են բնակարան, մենք մերժել ենք, իբր առաջարկում ենք այլ գումար:Այդպիսի բան գոյություն չունի:Մեր գրագրությունը ներկայացնում եմ Ձեզ:
Մենք դիմեցինք եվրոպական դատարան, խնդրեցինք, ասացինք համաձայն ենք հաշտություն կնքել, ուղղակի անհասկանալի է, ինչու եք տալիս այն տարածքից, որտեղ շենք չկա կառուցված: Կառուցված շենք կա իմ տան տեղը , դրանից տվեք: Հետագայում մեզ առաջարկել են Ամիրյան 4/6 շենքից 117քմ.: Համաձայն էինք: Եվրոպական դատարանը կայացնում է որոշում, 2011 թվականի նոյեմբերի 15-ին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է երեք ամիս ժամանակ, որոշումը կայացնելու»,-ասում է Ս.Բաղդասարյանը:
Նրան նոյեմբերի 30-ին տեղեկացվել է, որ «Խնդրում ենք դիմել կառավարության լիազոր ներկայացուցիչ պարոն Կոստանյանին, որպեսզի ԵԴ-ում կայացված այդ որոշումն ի կատար ածվի եւ տեղեկացրեցին, որ իմ գործը, ինչպես եւ երկու բնակիչների՝ Ղարիբյանների, Ղասաբյանների, վարույթից հանվել է: Որոշումը ստանալուց հետո մենք այս տարվա փետրվարի 9-ին գրավոր նամակով դիմում ենք պարոն Կոստանյանին, եւ ասում, որ ԵԴ-ն կայացրել է որոշում, մեզ տրամադրել է բնակարան: Խնդրում ենք հայտնել, երբ կարող ենք ստանալ բնակարանը եւ ինչպես: Առ այսօր կրկնում եմ, աչքներս ջուր կտրեց, Կոստանյանի նամակին սպասելով»:
Հակառակը, հրավիրեց հեռախոսով իր մոտ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, ասելով. «Մենք ուսումնասիրել ենք Ձեր գործը, պարզել ենք, որ ինչ-որ փող եք ստացել»: Անիմաստ էր նրան որեւէ բան հասկացնելը, քանի որ խոսքը դատարանի վճռով ստացված 23 հազար դոլարի մասին էր: Ռ.Մելիքյանը ինձնից պահանջում էր մի գումար, որը վճարել է կառուցապատող ընկերությունը:
Ինչ վերաբերում է կառավարության առաջարկած բնակարաններին, ապա դրանք վաղուց վաճառված են եղել…Դա կաշառք էր, եթե չի գրվում, թե որ հաշվեհամարին պետք է վճարեի»:
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մաքրվելու մի ճանապարհ կա`վերանալ:Ուրիշ ելք չկա ժանտախտի դեն: