«Պողոսը Պետրոսից վարկ է վերցնում, Գերասիմը ծախսում է. ի՞նչն է ստիպելու Գերասիմին արդյունավետ ծախսել այն: Կպատասխանեք ֆինանսների նախարարության հետ պայմանագիրը, հետո՞: Բայց մենք 5 տարվա մեջ կարող ենք 5 նախարար փոխել, 25 տարվա մեջ 7 վարչապետ և 4 նախագահ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` խոսելով ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի մասին:
Ի հեճուկս ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտի, պարոն Բագրատյանը մասնակցում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստին: Սակայն դահլիճը կիսադատարկ է:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ասուլիս հրավիրած պատգամավորները, եթե ցանկանում են աշխատել ժողովրդի համար, թող ասուլիսը դադարեցնեն ու գան դահլիճ:
Հրանտ Բագրատյանն էլ մինչ ելույթ ունենալը նայելով կիսադատարկ դահլիճին` հեգնեց, թե գուցե ավելի հեշտ կլինի բոլորին անուն առ անուն դիմել և հայտարարեց. «Նման վարկերի վերջը պետք է տալ»:
Կարդացեք նաև
ՀՀ-ի վերցրած վարկը 37 միլիոն ԱՄՆ դոլար է` 25 տարով: Պարոն Բագրատյանը ի պատասխան այն հավաստիացումների, թե վարկը լավ պայմաններով է մեզ տրվում, ասաց. «Մենք պիտի հասկանանք, որ այսօր աշխարհում զրո տոկոսով լիքը փող կա: Լավ վարկերը թափած են: Այս վարկի վարկառուն ՀՀ կառավարությունը չպետք է լիներ, այլ վարկառուն պիտի լիներ պետական ձեռնարկություն: Այդ ձեռնարկությունը պետք է հաշիվ տար և՛ վարկատուին, և՛ վարկառուին: Մենք հետ ենք գնում այն իրավիճակին, որ կար 2004-2005-ին և այս ամենը ավարտվելու է 45 տոկոս աղքատությամբ: Կարելի էր քննարկում կազմակերպել, այս պետության մեջ շատ մարդ չկա, գուցե մեկ կամ երկու հոգի, որ կարող էր լուրջ խոսել այդ թեմայով: Թե չէ չի կարելի այս ամենը բացատրել, թե սա սպեկուլյացիա է»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե «դոլար-դրամ տատանումները մեզ բոլորիս համար մտահոգիչ են, բայց նաև պետք է զերծ մնանք սիրողական գնահատականներից և այս հարցի քննարկումն անհրաժեշտ է և կարելի է ձևաչափի մասին մտածել»:
Պարոն Շարմազանովը նաև շեշտեց, թե «շատ հրապարակային քննարկումը չի կարծում, որ օգուտ կտա հանրությանը: Միգուցե փակ քննարկում կազմակերպենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ