«Շատ քիչ ժամանակ է մնացել մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը, երբ պետք է ավարտվի թվային հեռարձակման անցման գործընթացը, բայց չլուծված խնդիրներ եւ հարցեր կարծես թե շատ են մնացել, քան լուծվածները»,- այսօր` դեկտեմբերի 16-ին, «Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» հանրային քննարկման ընթացքում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նկատեց, որ գործող օրենքը գրեթե չի փոխվել, իսկ կատարված փոփոխությունները զուտ կոմերցիոն բնույթի են եղել` ավելացվել է գովազդի ժամանակը, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը. «Այն, ինչը որ կարող է գումար բերել հեռուստաընկերությանը, որոշ փոփոխություններ արվել են: Մենք համարում ենք, որ առանց այդ էլ օրենքը կոմերցիալիզացիայի եւ մոնոպոլիզացիայի մեծ վտանգներ էր իր մեջ պարունակում` ի վնաս լրատվամիջոցի գործունեության հումանիտար ուղղվածությանը, բայց փոփոխությունները խթանում են այդ գործընթացին»:
Աշոտ Մելիքյանը համարում է, որ ոլորտի ազատականացման առումով 2010 թվականից մինչեւ այժմ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. «Առհասարակ, մենք համարում ենք, որ օրենքն իր ոգով թույլ չի տալիս ազատականացնել այս ոլորտը, խթանել արդար եւ ազատ մրցակցությունը, բազմակարծությունը եւ բազմազանությունը»:
Նրա կարծիքով` օրենքում մնացել են այն հին խնդիրները, որոնք դեռ առկա էին մինչեւ թվայնացման գործընթացը, մասնավորապես` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության խնդիրը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի ձեւավորման կարգը չեն լուծվել. «Ոչ մի խոսք չկա սեփականության թափանցիկության մասին: Մենք համաձայն ենք, որ հեռուստատեսությունը բիզնես է եւ պետք է շարժվի բիզնեսի կանոններով, բայց դա, այնուամենայնիվ, կոշիկի արտադրություն չէ: Այդ բիզնեսը մարդկանց մտքի եւ սրտի հետ գործ ունի եւ հնարավոր չէ նույն կանոններով` կոմերցիոն գաղտնիքի տակ պահելով սեփականության այդ թափանցիկությունը ապահովել, դա հարիր չէ ժողովրդավար կամ ժողովրդավարությանը ձգտող երկրին»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանն ասաց, որ Խոսքի ազատության կոմիտեն, Մամուլի ազգային ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել են օրինագիծ, որի առանցքն է արտոնագրման պարզ համակարգի անցնելը: Նա համարում է, որ դա թույլ կտա ազատականացնել ոլորտը եւ ունենալ ազատ մրցակցություն. «Սա այն մոտեցնում է, որը նաեւ կարող է փրկել այն հեռուստաընկերություններին, որոնք 2015 թվականի հուլիսի 1-ին կանգնելու են փակման եզրին: Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ թվայնացման պարագայում, երբ տեխնիկական հնարավորությունները անհամեմատ ավելի լայն են դառնում, Երեւանում տեղակայված եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների քանակը պակասել է՝ 22-ից դառնալով 18, իսկ 10 մարզերից 9-ում մի-մի հեռուստաընկերություն պետք է մնա, իսկ մնացածը, ըստ գործող օրենքի, պետք է փակվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ