Այսօր ԱԺ-ում «եռյակ+1»-ի հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Լեւոն Երանոսյանի հրաժարականը պահանջելու հարցում իրենք մնում են իրենց կարծիքին եւ հայտարարություն են պատրաստել 4 քաղաքական ուժերի՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների անունից:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ասում են, թե այս ամենը բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը. «Որեւէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին համաձայնել արտահերթ նիստին, ոչ թե իրենց մշտական գործելակերպով բոյկոտել արտահերթ նիստը, հետո հիմնավորել, թե այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը: Եթե հերթական անգամ իրենք խուսափում են բաց քննարկումից, խոսում է այն մասին, որ իրենք չունեն փաստեր: Ասելիք ունեցող, հիմնավորումներ ունեցող քաղաքական ուժը ինքը առաջին շահագրգիռ կողմը պետք է լիներ»:
Նաիրա Զոհրաբյանը ընթերցեց այն հայտարարությունը, որը պատրաստել էին ՀՀԿ-ի հետ բանակցելիս՝ առանց որեւէ փոփոխության: Հայտարարության մեջ ասվում է՝
«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խստորեն դատապարտելի է փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին։
Կարդացեք նաև
Ազգային ժողովը պահանջում է.
1. Ազգային ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները և իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ, կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու, և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։
3. Ազգային ժողովը պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար երկրին անհարիր նման երևույթները։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «մենք պատրաստվում էինք արտահերթ նիստի ընթացքում հրավիրել տվյալ փոխոստիկանապետին»:
Քառյակը նշեց, որ մտադիր են նաեւ այլ արտահերթ հրավիրել՝ արդեն դոլարային այս խայտառակ վիճակը քննարկելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ