Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ… Աշոտ Ղազարյանն ԱՄՆ-ում

Դեկտեմբեր 16,2014 12:34

Արդեն հեռավոր թվացող 90-ականներ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` մութ և ցուրտ տարիներ և մարդիկ, ովքեր ստիպում էին ժպտալ, երբ թվում էր, թե դա անելն ուղղակի անհնարին է: Իրավամբ Աշոտ Ղազարյանն այդ ժպիտը և ծիծաղը պարգևող գլխավոր մեղավորներից մեկն էր: Նրան և նրա հումորը սիրում էին թե մեծերը, թե փոքրերը և հաճախ կրկնում` «Մեր Աշոտը» կամ «Աշոտը բոլորինն է»: Հանդիսատեսն Աշոտ Ղազարյանին սիրում է նաև նրա համար, որ երբ մութ և ցուրտ էր, չկար էլեկտրականություն, շատերը գնացին, սակայն նա մնաց հայրենիքում և մշտապես ժողովրդի կողքին էր: Աշոտ Ղազարյանն այդ տարիների մասին նշում է.
«Նույնիսկ երբ էլեկտրականությունը ելույթիս ամենաթեժ պահին անջատվում էր, շարունակում և ավարտում էին այն մոմի լույսի ներքո»:

Այսօր, երբ այդ ամենն արդեն հիշողություն է, երբ թվում է, թե ոչնչի պակաս չկա և ամենազորեղ համացանցի միջոցով կարելի է դիտել լավագույն հումորային հաղորդումները և ֆիլմերը, միևնույն է, Աշոտ Ղազարյանը և նրա անսպառ ժպիտ առաջացնող հումորն ամենասպասվածն է: Միաժամանակ ՀՀ ժողովրդական արտիստի հետ հանդիպումներն այնքան հաճախ չեն լինում, որքան ցանկալի կլիներ: Ավելին` Աշոտ Ղազարյանն այսօր ավելի հաճախ ուրախացնում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին:

Սիրված արտիստի հետ հերթական հանդիպումն էլ նախաձեռնել է «Global Arts International»-ը և դրա հիմնադիր-նախագահ, բարեգործ Գարբիս Թիթիզյանը, ով անկախության տարիներից մինչ օրս Հայաստանում, ողջ սփյուռքում կազմակերպում է տարբեր համերգներ և ներկայացումներ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Գարբիս Թիթիզյանը նոր զարկ տվեց հայրենիքում և սփյուռքում համերգային մշակույթի զարգացմանը: Վերջին տարիներին, երբ համերգային մշակույթը կարծես թե անկում է ապրում, «Global Arts International»-ի ծավալած գործունեությունն այս դաշտում հատկապես կարևոր է: Այսպիսով, 2015թվ-ի հունվարի 11-ին Լոս Անջելեսի հեղինակավոր Ալեքս թատրոնում տեղի է ունենալու Աշոտ Ղազարյանի նոր` հումորային, երաժշտական մենահամերգը, որին հաջորդելու են հունվարի 16-ին և 17-ին Նյու Յորքում և Բոստոնում կայանալիք համերգները:

«Հետաքրքիր ծրագիր եմ կազմել. հնչելու են երգեր, պարեր և, իհարկե, իմ հումորները: Ավելի վաղ ներկայացրել էի «Ծիծաղի ճանապարհով» համերգային ծրագիրը, որը հիմնված էր իմ անցած ուղու և իրական պատմությունների վրա…Այս նոր ծրագիրը կոչվում է «Մի անգամ» ու բեմից կրկին պատմելու եմ իրական պատմություններ, մենախոսություններ… Համերգի ընթացքում հանդես եմ գալու լիբանանահայի, պարսկահայի և Հայաստանի հայի կերպարներով: Ընդհանուր առմամբ ժամանցային ծրագիր է, որպեսզի մարդիկ աշխատանքից հետո գան և դրական լիցքեր ստանան, համերգի ավարտին էլ, կարծում եմ, որ մարդիկ կհուզվեն»:

Միաժամանակ Աշոտ Ղազարյանի խոսքով` ԱՄՆ-ում ելույթ ունենալն իր համար հեշտ է, որովհետև այնտեղ հիմնականում իր հանդիսատեսի շարքերում Հայաստանից մեկնած հայերն են, թեև փոքր մաս չեն կազմում աշխարհի տարբեր կետերից ԱՄՆ-ում հաստատված հայերը:

Թեև որքան էլ, որ ԱՄՆ-ում ելույթ ունենալն Աշոտ Ղազարյանի համար բարդ չէ,բայց նա խոստովանում է, որ անկախ գտնվելու վայրից բեմ բարձրանալուց առաջ շարունակում է վախենալ.

«Արդեն ավելի քան 50 տարի է, ինչ բեմի վրա եմ, բայց, միևնույն է, վախենում եմ: Հիշում եմ` համերգներից մեկի ժամանակ մինչ ես հուզվում էի և աղոթում, կողքիս կանգնած երիտասարդ դերասաններից մեկը հանգիստ սպասում էր բեմ դուրս գալուն: Իսկ ես վախենում եմ, որովհետև 50 տարիների ընթացքում (խոսքը բեմական գործունեության մասին է) շատ բաներ եմ արել և վախենում եմ դա կորցնել, ինչն էլ ինձ ստիպում է լինել շատ ավելի պատասխանատու և զգաստ: Ես երախտապարտ եմ ժողովրդին, որ պարզ, սովորական տղայի` Ղազարյան Աշոտին, դարձրեցին Աշոտ Ղազարյան… Պետք է աշխատեմ, որ այդպես էլ Աշոտ Ղազարյան մնամ»:

Սակայն այդ նույն պատասխանատվությունն էլ ստիպում է Աշոտ Ղազարյանին հաճախ չերևալ.

«Իմ տարիքում, երբ հասցրել եմ այսքան բան անել, շատ երևալ պետք չէ: Կարծում եմ պետք է, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ մտածես, որպեսզի որակ լինի և ժողովուրդն էլ կարոտի քեզ` մտածելով, թե այս անգամ ինչ ես ներկայացնելու»:

Ի ուրախություն մեր ամերիկահայ հայրենակիցների` նրանք, թերևս, Աշոտ Ղազարյանին այդքան կարոտելու առիթ այլևս չեն ունենա, որովհետև, ինչպես արդեն նշեցինք, նոր` 2015թվ-ի մեկնարկից անմիջապես հետո` հունվարի 11-ին, վայելելու են Աշոտ Ղազարյանի երաժշտական, հումորային մենահամերգը, ինչի վերաբերյալ էլ «Global arts international»-ի հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանն ասում է.

«Երկար տարիների իմ ընկեր Աշոտ Ղազարյանը շատ ճանաչված և սիրված է ԱՄՆ-ում: Նախորդ տարի երկու օր ելույթ է ունեցել, բոլոր տոմսերը վաճառված էին, սակայն այս անգամ ավելի ծավալուն բան ենք կազմակերպել, ավելի մեծ դահլիճում, ինչը շարունակական է լինելու»:

 

 Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031