Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ի խոսակցություն. «Վեր ընկի տեղդ արա» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 11:47

ՀՀ ԱԺ-ն քվեարկության էր դրել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որում կատարված փոփոխություններով ՀՀ օրենսդրությունը համաձայնեցվում է ԵՏՄ-ի անդամակցության մասին պայմանագրին, որը ՀՀ-ն ստորագրել է:

Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում տեսնելով ժառանգականների` հարցրեց. «Ժառանգությունը բոյկոտը դադարեցրե՞լ է»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց. «Ես ԵՏՄ անդամակցությանը կտրականապես դեմ լինելով` իմ պարտքն եմ համարում մասնակցել այս նստաշրջանին, որ այդ միությանը մեր մասնակցությունը սպասարկող փաթեթին դեմ քվեարկեմ թե ամբողջությամբ, թե առանձին-առանձին: Հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի իրավունքը դիմել բոյկոտի: Այն, լինելով ծայրահեղ քայլ կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը, երբ այլ մեթոդներ չկան: Այս պարագայում անիմաստ եմ համարում: Կարծում եմ մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը ցուցաբերել այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ: Խուսափողականությունն ինձ համար անընդունելի է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձելու է մեր անկախության վաճառքի դնել: Եկել եմ դեմ քվեարկելու և հայտնելու իմ կարծիքը: Արդեն ՌԴ-ի տնտեսությունը գահավիժում է, և ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու որևէ անելիք չունի: Այն, ինչ այստեղ վավերացվում է և փորձվում է բռնակցել ՀՀ-ն այդ միությանը, ուղղակի ոչինչ է, քան անգործություն»:

Զարուհի Փոստանջյանը կոչ արեց դեմ քվեարկել: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, թե «Կարևորը բոյկոտից դուրս եք եկել»:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կոչ արեց. «Ես հորդորում ու խնդրում եմ, որ այս օրենքի քննարկումը հետաձգվի, մինչև կվավերացնեն մեր անդամակցությունը»:

ԱԺ-ն, ի հեճուկս հորդորների, 5 «դեմ», 70 «կողմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց օրենքը:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Հենց նոր դուք քվեարկեցիք մի օրինագծի, որը ուղղակի ՀՀ քաղաքացիների շահերին դեմ է, և դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում դրամի և դոլարի հարցում»:

Գալուստ Սահակյանը բարձրախոսն անջատել տվեց և հայտարարեց. «Դուք արդեն պրովոկացիա եք անում»: Դահլիճից անընդհատ ձայներ էին հնչում, Գալուստ Սահակյանն էլ արձագանքում էր. «Ես ձախողումներ պահանջողներին ձայն չեմ տալու»:

Նիստերի դահլիճում պատգամավորների կրքերն այնքան թեժացան, որ հասան արդեն «վեր ընկի տեղդ դու էլ արա» բառապաշարին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031