Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Մեր հասարակությունն արդեն իր մաշկի վրա է զգալու ԵՏՄ անդամակցությունը». «168 ժամ»

Դեկտեմբեր 16,2014 11:39

Հատված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցից:

 – Վերջին ասուլիսում ասացիք, որ հասարակությունը չի բողոքում ԵՏՄ-ին անդամակցելու դեմ, որովհետև գտնվում է որոշակի նիրհի մեջ։ Ազատամարտիկների այդ հավաքում Սասուն Միքայելյանը շատ հուզական ելույթ ունեցավ՝ ասելով. «Եկել եմ այստեղ, որ քաղաքական պոռնիկները մեզ չմասնատեն, մերոնք, ձերոնք չկա, մենք հայ ենք»։ Միգուցե մարդիկ դուրս չեն գալիս բողոքելու հենց այն պատճառով, որ պառակտվա՞ծ են տեսնում քաղաքական դաշտը։

– Մեր հասարակությունն ամբողջությամբ իր բնույթով պառակտված է։ Պառակտված է գոնե այն առումով, որ մեր հասարակության մի զգալի հատված հեռանում է Հայաստանից, հեռացել է և դեռ պատրաստվում է հեռանալ։ Փաստացի սա հանրային պառակտում է։ Ես նման գնահատականներ չեմ ընդունում։ Կարծում եմ՝ քաղաքական դաշտն այնպիսին է, ինչպիսին հասարակությունը։

Քաղաքական դաշտն ունի մեկ անելիք՝ պետք է ներկայացնի իր հայացքները, տեսակետները, ծրագրերը, և հանրությունը, ըստ իր նախասիրությունների, մոտեցումների, հետևի քաղաքական այս կամ այն միավորին: Յուրաքանչյուրն ունի իր իրավունքների ու պարտականությունների որոշակի շրջանակը։

Ես ինչ-որ տեղ հասկանում եմ այն մարդկանց, որոնք վրդովմունք են արտահայտում։ Այդ վրդովմունքը հիմք ունի, և հիմքում ընկած է հետևյալը, որ առանձին քաղաքական շերտեր, ուժեր հայտարարում են իրենց այս կամ այն սկզբունքների մասին, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն շրջադարձ են կատարում և սկսում են զինակցել նրանց, ում դեմ պայքարել են, փոխել իրենց մոտեցումներն ու հայացքները։ Բնականաբար, դա առաջացնում է մարդկային ընդվզում։

Կարծում եմ՝ մեր հասարակությունն արդեն իր մաշկի վրա է զգալու ԵՏՄ անդամակցությունը։ Այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանում նույն դոլարի կամ եվրոյի փոխարժեքը շեշտակի աճ է ունեցել, և այդ պրոցեսը, անկախ նրանից, որ Կենտրոնական բանկն ամեն օր ինտերվենցիաներ է իրականացնում, շարունակվում է, և տուժում են գրեթե բոլորը։ Բնականաբար, տեղի է ունենալու գնաճ։

Մեր դաշնակիցը՝ ԵՏՄ-ի հիմնական խաղացող Ռուսաստանը, արդեն իսկ հայտարարում է իր բյուջեի 10 տոկոսանոց սեկվեստորի մասին։ Այսօր հայտարարում է 10 տոկոսի մասին, համոզված եմ՝ շատ կարճ ժամանակ հետո կհայտարարի ավելիի մասին։ Ավելին, համոզված եմ, որ Ռուսաստանում տեղի կունենա ռեցեսիա, այսինքն՝ դա կբերի տնտեսական փլուզման, որի հետևանքով Հայաստանը նույնպես լրջագույն հարված կստանա այս դաշտում։ Այս գործընթացը շարունակական է լինելու, և ավելի լավ քարոզ մեր համաքաղաքացիներին, թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչու է տեղի ունենում, դժվար է պատկերացնել։ Հայաստանում տասնյակ-հազարավոր մարդիկ ունեն դոլարային վարկեր, և ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին անշրջելիորեն կհանգեցնի նրանց սնանկացմանը։

Ես ցավում եմ, որ այս ճանապարհով ենք ընթանալու և անպայման պիտի տնտեսական, ֆինանսական հարվածներ ստանանք, պիտի ավելանա չքավորությունը, լինի գնաճ, տնտեսական ծանր պայմաններ, նոր մարդիկ գիտակցեն, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031