Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ բացատրում է, որ ամանորյա սեղանը եւ ընդհանրապես Ամանորը մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում, որի պատճառով էլ այն ավելի շատ կերուխումի, խրախճանքի է վերածվում, նյութականացվում է, այդպես էլ մարդկանց ուրախություն չի պատճառում:
«Միամտություն կլիներ հույս ունենալ, թե մեր հասարակությունը համատարած Ամանորը կտոնի ըստ նշանակության ու արժեքի, հոգեւոր խորհուրդը պահելով ու արժեւորելով: Բայց հասարակության որոշ շերտերում կա ամանորն արժեւորելու ձգտում: Շատերն են արդեն տարեմուտի գիշերը եկեղեցում դիմավորում՝ աղոթքներով եւ ոչ թե շքեղ սեղանի շուրջ: Դա դրական միտում է, որը հոգեւորականներս կարեւորում ենք ու գնահատում: Մենք էլ մեր հերթին մարդկանց սովորեցնում ենք, թե ինչպես է հարկավոր տոնը նշել, ինչի համար է նախատեսված եւ ինչ նպատակի է հարկավոր ծառայեցնել»,- ասում է տեր Եսային:
Քահանան բացատրում է, որ Ամանորը զուտ հոգեւոր խորհուրդ ունի: Այն մեզ Աստծուց տրված հնարավորություն է, նոր կյանքի սկիզբ՝ անցած կյանքը վերապրելու, սրբագրելու, արժեքները վերանայելու եւ վերարժեւորելու, նոր տարին իբրեւ նոր հնարավորություն ընդունելու համար:
Հաջորդ տարին ավելի իմաստալից ապրելու եւ հոգեւոր կատարելությանը նպաստելու համար գործեր ձեռնարկելու հնարավորության մասին է խոսքը: Իսկ մենք շքեղ սեղանների շուրջ, կերուխումով, բարձրագոչ մաղթանքներով կարծես խլացնում ենք այդ հոգեւոր արժեքը: Տոնում ենք չգիտակցված՝ աղավաղելով տոնի ողջ իմաստը:
Կարդացեք նաև
«Ամանորի գիշերը Առաքելական եկեղեցու դռները բաց են, հոգեւորականները լինում են եկեղեցում, հին տարին ճանապարհում աղոթքով, նորը դիմավորում աղոթքով՝ հույսով, հավատքով, որ Աստված մեզ տվել է նոր հնարավորություն՝ նորից ապրելու եւ արժեւորելու այն ժամանակը, որն ունենք, բարիք գործելու եւ առաքինի կյանքով ապրելու համար: Ուրախ կլինենք, եթե մարդիկ Նոր տարվա գիշերը եկեղեցիներում անցկացնեն մեզ հետ միասին: Բարեբախտաբար օրինակներ ունենք, երբ մարդիկ ընտանիքներով են գալիս, ու տոնական գիշերը մենք անցկացնում ենք եկեղեցում: Սա պետք է դառնա համահայկական սովորություն»,- նշում է քահանան եւ ավելացնում, որ մենք նույն անգիտությամբ ենք վերաբերվում նաեւ ամանորյա սեղանին:
Սեղան գցելը մեզ համար ինքնանպատակ է դարձել, մարդկանց զարմացնելու, մրցավազքի միջոց: Այնինչ սեղանի խորհուրդը հյուրասիրությունն է հոգեւոր, քրիստոնեական առումով, որի կատարյալ դրսեւորումը աղքատներին կերակրելն է: Ինչպես որ Քրիստոսն է ասում՝ երբ ընթրիք ես պատրաստում կամ ճաշ՝ հրավիրիր կարիքավորներին, ոչ թե քո բարեկամներին, դրացիներին՝ ակնկալիքով, որ իրենք էլ քեզ հրավիրեն, ու քո վարձատրությունը դա լինի:
Տեր Եսային նշում է, որ Ամանորի սեղան գցելիս պետք է նաեւ հաշվի առնել, որ եկեղեցական տոնացույցի համաձայն՝ այդ օրերին պահքի շրջան է: Մեր եկեղեցին հորդորում է, որ մարդիկ հնարավորության սահմաններում պահք պահեն ու դրանով դիմավորեն Սուրբ ծնունդը: Նոր տարին հենց սուրբծննդյան նախատոն է, առանց երկրորդի առաջինը չի լինի: Խրախուսվում է սեղանին պահուց կերակուրներ դնել: Մեր նախնիները հենց այդպես էլ վարվել են:
Այսօր ամանորյա սեղաններին պահքի ուտեստներ կան, որոնք այդ ավանդույթի ուժով են եկել: Բայց հաճախ չենք հասկանում, թե ինչպես են դրանք հայտնվել տոնական սեղանին: Այնինչ մեր նախնիները Նոր տարուն պաս են պահել: Ցավոք, մենք սեղանին դնում ենք այնպիսի ուտեստներ, որոնք բնավ պահքի համար չեն:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում