Երեւանում ամփոփվեցին երեխաների եւ պատանիների սեղանի թենիսի մրցաշարի արդյունքները: Երեւանից, Գյումրիից Լեռնային Ղարաբաղից, Վանաձորից եւ Հայաստանի այլ շրջաններից ժամանած մարզիկների մրցակցությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում:
Պատանիների մրցաշարի հաղթող Էլեն Բախչաջյանն արժանացավ 250 հազար դրամ մրցանակի, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած Աստղիկ Գաբրիելյանն ու Անահիտ Սիմոնյանը՝ 200 եւ 150 հազար դրամի: Երեխաների մրցաշարի վեց մասնակիցները պարգեւատրվեցին 100, 80 եւ 50 հազար դրամ արժողության նվեր քարտերով:Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մրցաշարը կազմակերպել է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը: Առաջնությանը մասնակցեցին հարյուրից ավելի խաղացողներ: Միջոցառումը մեծ ոգեւորություն առաջացրեց երեխաների շրջանում, նրանք զգացին, որ այս սպորտաձեւը ապագա ունի Հայաստանում»:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ առաջիկայում եւս նման միջոցառումներ կկազմակերպվեն: «Ես, իսկապես, հույս ունեմ, որ մեր այս մրցույթը կդառնա ավանդական: Ամեն տարի կանցկացնենք, իսկ մարզիկների համար կլինի ստիմուլ՝ ավելի լավ պարապելու, նորանոր հաջողությունների հասնելու համար»,- նշեց «Քրոնիմետ»-ի ներկայացուցիչ Աննա Սեդրակյանը:
Հավելենք, որ սա «Քրոնիմետ»-ի եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի առաջին համագործակցությունը չէ: Հիմնադրամի աջակցությամբ համապատասխան գույք է ձեռքբերվել ֆեդերացիայի համար, ինչպես նաեւ բարելավվել են շենքային պայմանները:
«Առավոտ» օրաթերթ
16.12.2014