ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ Արմավիրով ավարտեց 2014 թվականի աշխատանքային շրջայցերը հանրապետության մարզեր:
Նախարարն այս տարի եղել է հանրապետության վեց մարզերում, տեղերում ծանոթացել մարզադպրոցներում ընթացող աշխատանքներին, նյութատեխնիկական բազաների վիճակին, հոգսերին, լսել մարզիչների ու տնօրենների բարձրացրած խնդիրները: Երեկվա շրջայցի ավարտին Գաբրիել Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում հակիրճ կիսվեց ստացած ընդհանուր տպավորություններով: «Ես եկող տարի դեռ չորս մարզ էլ պետք է այցելեմ: Բայց վեց մարզերում լինելուց հետո արդեն կարող եմ ասել, որ բոլոր տեղերում էլ վիճակը գրեթե նույնն է: Կան խնամված, հոգատար ձեռքերում գտնվող մարզադպրոցներ, այնպիսի ՄԴ-ներ, որտեղ պայմանները միջին են՝ մի քիչ ավելի կամ պակաս:
Բայց այնպիսի մարզադպրոցներ էլ կան, որտեղ տարիներ շարունակ շինարար չի մտել, ինչի հետեւանքով դրանք գրեթե ավեր վիճակում են: Ամեն տեղ էլ մարզագույքի խնդիր կա եւ նախարարությունը մտադիր է տեղերից ստացվելիք հայտացուցակներով աստիճանաբար բացերը լրացնել: Միայն թե, տնօրեններից ու մարզիչներից շատերը զարմանալիորեն տեղյակ չեն, թե ինչ կարգով պետք է ներկայացնեն ցանկերը: Ինձ առաջնային հերթին հետաքրքրում է նաեւ մարզչական կադրերի մակարդակը, աշխատանքների կազմակերպման որակը: Այս ընթացքում եկել եմ հետեւության, որ այստեղ էլ անելիքներ շատ կան: Պարտադիր հարկավոր է զբաղվել գյուղական, համայնքային եւ մարզային մարզիչ-մանկավարժների որակավորումը բարձրացնելով, առանց որի, պայմանների ոչ մի բարելավում, գույքի տրամադրում ու թարմացում ցանկալի արդյունք չի տա: Այս խնդրով նույնպես նախարարությունը զբաղվելու է արդեն սկսած 2015 թվականից»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.12.2014