Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երազանք եւ իրականություն

Դեկտեմբեր 16,2014 10:16

«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Գիտական հոդվածներ եմ գրելու, հոնորար եմ ստանալու, կոնֆերանսների, սիմպոզիումների եւ կոնգրեսների եմ մասնակցելու»: 1989 թվականի մայիսին Բուտիրյան բանտում՝ արդեն զգալով, որ դուրս գալը շաբաթների խնդիր է, այդպիսի ծրագրեր ուներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմաբան Համբարձում Գալստյանը («Չուղարկված նամակներ», էջ 116): Դեկտեմբերի 14-ին նրա ծննդյան օրն էր, իսկ 20 տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 17-ին նա սպանվեց: Սպանության մեջ մեղադրվողների մեղքը քննությունը չկարողացավ ապացուցել:

Այն, ինչի մասին նա երազում էր Բուտիրկայում, չիրականացավ. գիտությամբ զբաղվել չհաջողվեց, այն համակարգը, որտեղ կարելի էր գիտական հոնորարներով քիչ թե շատ նորմալ կյանք ապահովել, փլուզվեց, իր քաղաքական թիմը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եկավ իշխանության: Համբարձում Գալստյանը դարձավ Երեւանի քաղաքապետ, ապամոնտաժեց Լենինի արձանը՝ Հանրապետության հրապարակում հավաքված ամբոխի միահամուռ ոգեւորության ներքո: Հիշում եմ, թե ինչպես էին այդ ժողովրդական զանգվածի ներկայացուցիչները ցասումով շպրտում իրենց կոպեկները հրապարակով տարվող արձանի ուղղությամբ:

Շատ շուտով սկսվեցին սոցիալական դժվարությունները, եւ նույն ամբոխը սկսեց հայհոյել քաղաքապետին՝ ճիշտ այնպես, ինչպես հայհոյում էր եւ շարունակում է հայհոյել բոլոր հաջորդ քաղաքապետերին եւ ընդհանրապես՝ իշխանություններին: Հետո, ինչպես որ դա սովորաբար լինում է, սկսվեցին հակասություններ նախկին հեղափոխականների շրջանում, «Ղարաբաղ» կոմիտեն տրոհվեց, նրա անդամները սկսեցին իրար մասին տհաճ բաներ խոսել ու գրել:

Եվս մի մեջբերում «Չուղարկված նամակներ» գրքից՝ բաց նամակ Կենտկոմի քարտուղար Գալուստ Գալոյանին, որը գրվել է 1988-ի դեկտեմբերի 24-ին՝ ձերբակալվելուց առաջ. «Դուք եւ Ձեր գործընկերները այդ ամենը (երկրաշաժից հետո եկած օգնությունը – Ա. Ա.) գողացել եք, մեծարգո Գալուստ Անուշավանի, շուտով այդ բոլորը կհայտնվեն ձեր անիծյալ հատուկ խանութներում եւ ձեր սիրասուն բալիկ-թոռնիկների վրա: …Դո՛ւք պետք է պատասխան տաք դրա համար» (էջ 139): ՀՀՇ-ն մեղադրում էր կոմունիստներին թալանի մեջ, հետո ուրիշները՝ ՀՀՇ-ին, հետո ՀՀՇ-ն՝ այդ «ուրիշներին»…

Համբարձում Գալստյանի գերեզմանին գրված է. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»: 19-րդ դարի բրիտանացի գրող, ֆրանսիական մեծ հեղափոխության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թոմաս Քարլայլի այս խոսքերը միանգամայն ճիշտ են: Հաճախ պատահում է նաեւ, որ նույն մարդիկ սկզբում ռոմանտիկ են, հետո դառնում են ֆանատիկ, իսկ վերջում իրենց դրսեւորում են որպես սրիկաներ (Համբարձում Գալստյանին դա չի վերաբերում, անձնապես նա պարկեշտ մարդ էր, ինչը, սակայն, չի փոխում ընդհանուր օրինաչափությունը):

Ելքն, ինձ թվում է, ակնհայտ է՝ չլինել ռոմանտիկ, նախօրոք հաշվարկել, թե ինչից ինչ է դուրս գալու: Մասնավորապես՝ ինչ է դուրս գալու հեղափոխությունից: Որովհետեւ նույն Քարլայլն ունի մեկ այլ թեւավոր դարձած միտք. «Ոչ ոք չգիտի, թե ինչպես է գործելու Ամբոխը, այդ թվում նաեւ ինքը՝ Ամբոխը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ամենաճիշտ լուծումը՝ հեղափոխության ժամանակ երկրում չլինելն է։
    Եվ քանի որ Հայաստանին հեղափոխությունը անհրաժեշտ է, և խելացի է ամբողջ բնակչությունը, ապա հեղափոխության օրը Հայաստանում ոչ մի մարդ չի լինի..))))))…

  2. david says:

    Հիասքանչ կլինի,հիասքանչ, երբ մարդ չլինի արդեն հեղափոխությունը հաղթանակած կլինի:Ես սպասում եմ, անհամբեր եմ սպասում:Անձնագիրս սերժահրամանով չեն տալիս որ հեռանամ, ուրեմն բոլորը կհեռանան և այդպես կփրկվեմ ֆաշիստ տեսնելու տառապանքից:Սովդաքար թագավորի հեքիաթը հավանում եմ:Հեռացեք:Խելոքներ կան, որ ասում են սերժն իմ ,,բարեկամն,, է, կրակի վրա վառեց, որ հում չմնամ:Գնացեք, մի կաթսայում հումն ու խորովածը չեն եփում:Գնացեք, նախ ինքներդ ձեզ կփրկեք, հետո էլ, թող աշխարհը ելք գտնի ձեզնից փրկվելու:

  3. Վալոդ says:

    «Հեղաշրջումները նախապատրաստում են սրիկաները, իրագործում են սրիկաները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները»

    Գռսեմյան Բաղդագյուլ

  4. Hovik says:

    Ոչ այնքան սերիալային, որքան՝ հեքիաթային Սանտա Բարբարա ամերիկյան քաղաքում, հենց օվկիանոսի ափին ծերուկ հրեա Շիմոնը, ով պարզապես վայելում էր Խաղաղ օվկիանոսի ոչ խաղաղ ալիքների հպումը՝ իր ծերունական ոտքերին, հանդիպում է իր մանկության ընկերներից մեկին՝ սեւամորթ Ջոնաթանին, որի ազգանունը, կզարմանաք, բայց՝ Լիվինգսթոն էր:
    -Օօ, Շիմոն, բարեկամս, դո՞ւ ես,-բացականչում է Լիվինգսթոնը, որին ժամանակին բոլորը՝ այդ թվում Շիմոնը, “ճայ” էին ասում:
    -Իհարկե ես եմ, գրողը տանի, “ճաաայ”: Ընկերները գրկում են իրար, եւ սկսում զրուցել: Ջոնաթանը հետաքրքրվում է Շիմոնի ընտանիքից: Հրեան պատմում է, որ ինքը երեք որդի ունի՝ ավագը՝ Աբրահամը, Ուկրաինայում է ապրում, եւ այնտեղ հեղափոխություն արեց: Միջնեկը՝ Բենյամինը՝ Ռուսաստանում է ապրում, եւ գործողություններ է ծավալում այն երկրում եւս հեղափոխություն անելու: Իսկ կրտսեր որդին՝ Ավիգդորը, հայրենիքում՝ Իսրայելում է ապրում, եւ…
    -Եւ պատրաստվում է Իսրայելո՞ւմ հեղափոխություն անել,-ծիծաղելով հետաքրքրվում է Ջոնաթան Լիվինգսթոնը:
    -Ոչ, ի՞նչ ես ասում, նա ատամնաբույժ է, ստանում է՝ ամսեկան 2000 շիլլինգ՝ լավագույն դեպքում եւ չի էլ պատաստվում հեղափոխություն անել, քանի որ հայրենիքում հեղափոխություն չեն անում,-ասում է ծերուկ Շիմոնն եւ աչքով տալիս հարեւանությամբ պառկած՝ լողազգեստով կնոջը: Ի դեպ, վերջինս Ջոնաթան Լիվինգսթոնի՝ թվով հինգերորդ կինն էր:

  5. Վալոդ says:

    Կատարվածի մասին խոսելու փոխարեն չեղած բաներից եք խոսում: Մի՞թե կարելի է այդքան վախենալ սեփական ժողովրդից: Անբացատրելի, իռացիոնալ վախը կոչվում է ֆոբիա: Ժողովրդաֆոբիա:

  6. Մարգար Մախսուդյան says:

    Հեղափոխության կանխարգելման համար բնավ կարիք չկա ռոմանտիզմը փնովելու, կամ պարտադրելու, որ ասենք՝ ի ծնե սանգվինիկը դառնա ֆլեգմատիկ, խոլերիկ, կամ որ ավելի վատ է՝ մելանխոլիկ: Դա նույն բանն է, որ ասեք. արյան չորրորդ խումբ ունեցողներին պետք է մեկուսացնել հասարակությունից, քանի որ նրանք հակված են ստեղծագործելու և հիմնականում ռոմանտիկ են:
    Իրականում հեղափոխության համար նախապայմաններ ստեղծվում են այնտեղ, որտեղ խախտվում է բնական էվոլյուցիոն գործընթացը, մեր դեպքում՝ ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորումը, իսկ էվոլյուցիան խախտվում է այնտեղ, որտեղ ընթացիկ իշխանությունները ագահ են, սնապարծ և ամենակարևորը՝ տգետ, իսկ այդ տեսակի ինքնաայլասերումը, իսկ դրանից բխող հեղափոխության հասունացումը միայն ժամանակի հարց է:

  7. Gibindus says:

    Երազանքը իրավական երկիր ունենալն էր, որտեղ բոլորը հավասար կլինեին օրենքի առաջ: Իրականությունը ծեծված պատգամավորն է` Արամ Մանուկյանը և նախկին լրագրող և այժմ պատգամավոր Եսայանի էպոխալ խորհուդը,- “Թող մի երկու հատ էլ Արամը խփեր”: Նման խոստովանություն օրենքների բացակայության և սեփական անճարակության մեջ դեռ չէի հանդիպել: Նույն տրամաբանությամբ, եթե մեկին բռնաբարել են, նա էլ պետք է… Ցավում եմ այս ամենի համար, բայց լուծում չեմ տեսնում:

  8. ashot says:

    այ հենց ձեր նման սուտի ինտելիգենտների երեսից մեր երկիրը հասավ էս օրին,թողեն առավոտից իրիկուն ճամարտակեք ու դատարկաբանեք…

  9. Arshak says:

    սա հատուկ Ձեր համար,պ. Աբրահամյան: ինչ լավ ու գեղեցիկ է չէ՞, Նախագահին փողոցային հայոյանքներ հասցնելը հրապարակային վայրում: եվ ինչու՞ ձեր թերթում չկա ոչ մի /դրական կան բացասական կամ չեզոք/ արձագանք https://youtu.be/9TsusJZ7QLU

    • Gibindus says:

      Բովանդակությամբ հիշեցնում է Մարգարիտ Եսայանի ելույթը ԱԺ-ում: Ձևով է մի քիչ տարբեր, բայց կին-քաղաքական գործիչի մտքի խորությունը 2 դեպքում էլ նույնն է: Շնորհակալություն տեղեկատվության համար:

  10. Galust Yenokyan says:

    Հարգելի Արամ, իրականում ոչ Հայաստանում , ոչ էլ Խորհրդային մյուս հանրապետություններում հեղափոխություն տեղի չունեցավ, այլ երկիրը փլուզվեց կոմունիզմի ուտոպիստական սին գաղափարախոսության ծանրության տակ: Ղարաբաղյան կոմիտեն եվ ապա ՀՀՇ պարզապես քթի ծակ ունեցող , խելացի տղաներ էին որ շուտ հասկացան թե քամին որտեղից է գալիս…նրանց Բուտիրյան բանտ ուղարկող ԿԳԲ այտեղ էր «հրավիրել» որ ուղղորդի ապագա Հայաստանի իրադարձությունները…ինչպես որ ուղղորդեցին Ռուսաստանի եվ այլ…
    Ես աշխատատեղից ճանաչել եմ Համբարձումին շատ ազնիվ, հայրենասեր տղա էր, սակայն այն գիտությունը որով նա իր գիտական թեզը պաշտպանել էր, էթնոսոցիոլոգիան ուղղված էր խորհրդային ժողովուրդների ազգային առանձնահատկությունների վերացմանը…
    Ֆրանսիական , Ամերիկյան հեղափոխությունները իրենց նպատակին հասան…

  11. Nara says:

    Բա մնացած զոհերի մասին ինչու չեք գրել?? Համբարձումը միայն մեկն էր երկար ցուցակում: Կարծում են, թե ժողովուրդը ՀՀՇ-ի բանդաների մասին մոռացել է: Չի՛ մոռացել: Իրենց իշխանության տարիների «մեր դեմ խաղ չկա»-ն դեռ շատ պիտի հիշենք.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031