Այսօր՝ դեկտեմբերի 15-ին լեհ վիրտուոզ դաշնակահար եւ կոմպոզիտոր Լեշեկ Մոժջերը մեկ բացառիկ համերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երաժիշտը ամեն ստեղծագործությունը կատարելուց առաջ ներկայացնում էր եւ հեղինակին, եւ գործը: Լեշեկ Մոժջերը հիմնականում Շոպեն կատարեց:
«Դպրոցում ինձ ասում էին, որ այդպես չի կարելի Շոպեն նվագել: Բայց ես մինչեւ հիմա այդպես եմ կատարում»,-ժպտալով պատմեց ճանաչված երաժիշտը:
Կարդացեք նաև
Նա նվագում էր ինքնամոռաց՝ առանց մի կաթիլ իրեն խնայելու: Բացի Շոպենից, Լեշեկ Մոժջերը հանդես եկավ նաեւ Բախի, Պրոկոֆեւի, Կոմեդայի ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններով: Համերգի ավարտին էլ դահլիճը պայթեց ծափահարություններից:
Լեշեկ Մոժջերը հարցազրույցներում միշտ շեշտում է՝ իր համար ամենագայթակղիչը իմպրովիզացիայում այն է, որ գաղափար չունի, թե հաջորդ վայրկյանին ինչ է նվագելու: Ունենալով դասական երաժշտական կրթություն, ջազային մտածողություն՝ նա նաեւ յուրօրինակ կատարողական ձեռագիր ունի:
Հավելենք, որ երեւանյան համերգը կազմակերպվել էր Սոպոտ քաղաքի նախագահի, Սոպոտի արվեստի պատկերասրահի եւ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ