«Տափակ ձևակերպումների դեմ պայքարել իմաստ չունի: Մենք ոչ մի բանի դեմ չենք պայքարում, պայքարում ենք հանուն մեր իրավունքների: Ահա այսօրվա երթը իշխանությունների նետած ձեռնոցի պատասխանն է: Հավաքվել են տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, ովքեր դեմ են բռնությանը: Ցանկացած բռնություն ցույց է տալիս իշխանությունների ոչ ադեկվատությունը: Բռնությունը խոսում է այն մասին, որ իշխանություններն այլ գործիքներ այլևս չունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց «Նախախորհրդարանի» անդամ, հիմնադիր խորհրդարանի պատգամավորի թեկնածու Վարդան Հակոբյանը:
Aravot.am–ի հարցին՝ Սերժ Սարգսյանը վիրավորվե՞լ է, որ հարձակումները կապում են հենց իր անվան հետ, ի պատասխան՝ Հակոբյանն ասաց. «Որպես տղամարդ դեմ եմ ոչ պատշաճ արտահայտություններին, նույնիսկ ոխերիմ թշնամուս հասցեին: Մարդիկ ուզում են ազատ, անկախ երկրում ապրել և ով խոչընդոտում է այդ ամենին, նա դառնում է ակամայից թշնամի: Ես վիրավորվելու առիթ չեմ տեսնում: Եթե Դուք եք պատասխանատուն այս իրավիճակի համար, պատրաստվեք, ընդունեք բոլոր տեսակի քննադատությունները: Ես դեմ եմ անձնական վիրավորանքներին, բայց քանի որ իրավիճակը դուրս է եկել սահմաններից, ապա ստեղծողը պետք է պատրաստ լինի նաև դրան»:
Հակոբյանի խոսքով՝ Արամ Մանուկյանի վրա հարձակումն այն դեպքն էր, որը հնարավոր չէր չբացահայտել: «Տեսագրություններում ամեն բան ակնհայտ երևում էր: Իսկ մյուս դեպքերում (նկատի ունի ազատամարտիկների և «Նախախորհրդարանի» անդամների վրա հարձակումները,-հեղ.) տեսագրությունները կողքից կամ վերևից է եղել, իրավապահները չեն ուզում բացահայտել: Օգտվելով առիթից, հանցագործությունը կատարողներին խորհուրդ եմ տալիս դեպքի վայրում թողնել հասցե, հեռախոսահամար, որպեսզի իրավապահները կարողանան բացահայտել իրենց»,-հեգնեց «Նախախորհրդարանի» անդամը և հավելեց, որ երկրում տխուր իրավիճակ է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ