Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է ս.թ. դեկտեմբերի 14-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող միակ քաղաքային համայնքի` Չարենցավանի քաղաքապետի թեկնածուն օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն է ներկայացրել իր նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը: Բանկի կողմից տրամադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքի, թեկնածուի ներկայացրած հայտարարագրի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:
Տեղեկացնում ենք նաև, որ դեկտեմբերի 14-ին հանրապետության թվով 35 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 15-ին` մինչև ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում առկա չեն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գրառումներ, տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ չի կատարել գրառում` հատուկ կարծիք ունենալու մասին:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն