Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԱԷԿ-ի` Մեծամորի ատոմակայանի կոմերցիոն նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը կալանավորվել է փողերի լվացման կասկածանքով. Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցված 2 հոդվածով:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում տարիներ առաջ ՀԱԷԿ-ում առաջած ֆինանսական մի խնդրի շուրջ, եւ կոչ է անում գործը քննելիս նաեւ իր նշած խնդիրն էլ հաշվի առնել:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը պատմեց, որ ինքը, երբ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր էր, ՀԱԷԿ-ի մոտ 160 աշխատակիցների ստորագրությամբ նամակ է ստացել, ըստ որի իրենց աշխատավարձները չեն համապատասխանում օրենքի պահանջներին. այսինքն` 2001 թվականին
ԱԺ-ն օրենք է ընդունել, որ առողջությանը վնաս հասցնող հիմնարկներում, մասնավորապես ՀԱԷԿ-ում, աշխատավարձերի հավելավճարներ, նույնիսկ կրկնակի վճարումներ պիտի կատարվեն: Տիկին Բախշյանի խոսքերով` «Աշխատակիցները նշել էին, որ սահմանված ցանկի մեջ են, սակայն տարիներ շարունակ չեն ստացել այդ աշխատավարձերը: Ես բազմաթիվ անգամ հանդիպումներ եմ ունեցել աշխատակիցների, տնօրինության, նախկին տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ, ժողով է եղել արհմիության, աշխատակիցների ու պետերի հետ: Ու սկսվեց իմ կողմից նամակագրությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Ապա 2010-ի բյուջեում իմ նախաձեռնությամբ առաջարկներ մտցվեց, ըստ որի ներառվեց աշխատակիցների չստացված գումարները` 920 միլիոն դրամ, որից 782 միլիոն դրամը ստացան աշխատակիցները, իսկ մնացածը՝ սոցվճար: Ես կարծում եմ, իրենք հասկանալով, որ լուրջ քրեական գործի հոտ է գալիս` տվեցին գումարները, նույնիսկ նրանց տվեցին, ովքեր աշխատանքից դուրս էին եկել: ՀԱԷԿ-ից շատերը մոտեցել են ինձ ասել են` ես միլիոնատեր դարձա»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանն ասաց, որ փոխտնօրենի կալանավորման մասին լուրը կարդացել է, անմիջապես վերոնշյալ ֆինանսական խնդրի մասին:
«Ես իմ վարկածն ունեմ, շատ մոտիկից առնչվելով գործին, ենթադրում եմ, որ այդ գումարները ժամանակին դուրս են գրել, բայց իներցիայով չեն տվել մարդկանց, յուրացրել են, բայց, անպայման նախարար Մովսիսյանի գիտությամբ է եղել: Եւ քանի որ աղմուկ բարձրացվեց ու հրապարակայնացվեց, նորից գումար տվեցին Մեծամորին, այն դեպքում, երբ Մեծամորն ինքն, որպես առեւտրային կազմակերպություն, պարտավոր է իր գումարները տալ պետական բյուջեին: Բայց, բյուջեից պարտքը տվեցին Մեծամորին, սա «նոն սենս է, եւ եթե համապատասխան քննություններ են կատարվում, իսկ սա իմ կարծիքով պետական բյուջեին հասցված մեծ վնաս է, ուրեմն պետք է իմ նշած խնդրին անդրադառնան, պետական բյուջեի վնասը պետք է փոխհատուցվի»,-նկատեց տիկին Բախշյանը:
Aravot.am-ի հարցին` եթե օրենքով հասնում էր այդ գումարներն աշխատակիցներին, ապա ինչո՞ւ ԱԺ-ում, երբ նրանց վճարվելիք գումարների հարցը բարձրացվել է, չեն անդրադարձել տարիներով վճարում չկատարած խնդրին, տիկին Բախշյանն ասաց. «Պատահական չէր, որ այդ փողը տվեցին, ի վերջո նախարարը կառավարության անդամ է, երեւի ասվել է` սուսուփուս էդ փողը տանք: Ես չեմ խնդում, ես պարզապես իմ բացահայտումներից ելնելով եմ ենթադրում: Իրականում, ինչպես է եղել ամեն ինչ, պարտավոր են անդրադառնալ եւ մարդկանց ասել այդ մասին: ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի այդ գործով զբաղվի: Իմ կարծիքով ոչ ոքի չի հաջողելու ջրից չոր դուրս գալ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նախարար Մովսեսյանը ձյունի նման ճերմակ մարդ է, նա էդ խառը հաշիվներից հաստատ տեղյակ չէ! Ինչպես եւ «Նաիրիտի» սննկացումից, «Տաթեւգեսը» կուլ տալուց ու հազար ու մի շառ-շուռից! Անմեղ աստծո գառնուկին չի կարելի մեղադրել!