Ճարտարապետ, ճարտարապետության գիտությունների թեկնածու Ծովինար Մուրադյանն առաջարկում է կանաչապատել Երևանի այն շենքերի տանիքները, որոնք տալիս են այդ հնարավորությունը:
Ճարտարապետն այսօր Նարեկացի արվեստի միությունում ներկայացրեց «Կանաչ տանիքների կարևորությունը գերխիտ քաղաքներում» նախագիծը և խոսեց արդի զարգացումների գործընթացում գերխիտ կառուցապատված քաղաքների կանաչ տանիքների կառուցման անհրաժեշտության, կանաչ տանիքների կիրառության ճարտարապետական, քաղաքաշինական, կոնստրուկտիվ-տեխնոլոգիական, միջավայրակայուն ու տնտեսական, ինչպես նաև ռազմավարական առանձնահատկությունների մասին. «Այս նախագծի շնորհիվ կարող ենք հազարավոր քառակուսի մետր տարածքների կյանք տալ՝ դրանք դարձնելով շահագործվող տարածքներ՝ հասարակական պուրակներ, զբոսավայրեր և այլն»,- ասաց Ծ. Մուրադյանը՝ ընդգծելով, որ կանաչ տանիքների ստեղծումն այսօր բնապահպանական պայմանների բարելավման տեսակետից խիստ առաջնային միջոցառում է. «Կառուցապատման հետզհետե խտացման արդյունքում վերանում են կանաչապատ տարածքները՝ իրենց տեղը զիջելով մուգ և անջրաթափանց մակերեսների՝ տանիքներ, մայթեր, հրապարակներ: Եվ ուրբանիզացված քաղաքներում գերակշռող այդ անջրաթափանց մեծածավալ մակերեսները, ինչպես նաև դրանց լրացնող արտանետումների մեծ քանակն անխուսափելիորեն հանգեցնում են բազում սպառնալից հետևանքների՝ էկոհամակարգի խաթարում, տաք օդային ավազանի առաջացում, օդի աղտոտվածություն, անձրևաջրերի՝ չհսկվող ծավալի առաջացում և այլն»,- մանրամասնեց Ծ. Մուրադյանը՝ նկատելով, որ կանաչ տանիքների ստեղծման անհրաժեշտությունը մեծ է հատկապես ուրբանիզացված տարածքներում. «Տանիքների կանաչապատմամբ հնարավոր է ստեղծել քաղաքային աղմուկից, փոշուց մեկուսի օազիսներ, որոնք մարդուն հնարավորինս կմոտեցնեն բնությանը: Բացի այդ, կանաչ տանիքների կառուցմամբ կարելի է երկարաձգել հարթ տանիքների շահագործման ժամկետը, բարելավել տանիքների գեղագիտական կողմը, կառուցապատված մակերեսները կրկնակի օգտագործելով՝ ստեղծել հանգստի գոտիներ, կարգավորել միջավայրակայուն մի շարք խնդիրներ, որոնցից առավել առաջնային են մթնոլորտային աղտոտվածության՝ տաք օդային ավազանի նվազեցումը և չհսկվող անձրևաջրերի հոսքի կազմակերպումն ու զտումը»,- ասում է նախագծի հեղինակը:
Նրա խոսքով՝ կանաչ տանիքները կարող են լինել նաև գիտահետազոտական լաբորատորիաներ. «Տանիքներում տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխան բուսատեսակներ կաճեցվեն՝ հիմնականում ցրտադիմացկուն, քիչ խնամք պահանջող ծաղիկներ, թփեր, գաճաճ ծառեր, հետագայում կփորձենք նաև պտղատու ծառեր աճեցնել»,- նշեց նա
Ինչ վերաբերում է նախագծի իրագործմանը, Ծ. Մուրադյանն ասաց, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն շինարարական կազմակերպությունների հետ, որոնք ճիշտ կգնահատեն դրա կարևորությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ