Այսօր առավոտյան «Նաիրիտ»-ի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել, սակայն այս անգամ` գործարանի ներսում: Մոտ 350-400 նաիրիտցիներ հանդիպել են գործարանի տնօրինությանը` պահանջելով հստակեցնել աշխատավարձերի վճարման ժամանակացույցը:
Aravot.am-ի հետ զրույցում, «Նաիրիտ»-ի արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանն ասաց, որ պայմանավորվել են կոորդինացնող խումբ ստեղծել, որպեսզի զբաղվեն աշխատավարձի հարցերով. «Թղթաբանությունն արդեն սկսված է. վաղը կամ մյուս օրը ինչպես որ խոստացել էին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ ՀՀ վարչապետը, մեկ ամսվա աշխատավարձ կստանան, հունվարի 15-ին էլ եւս մեկը կլինի»:
Ինչ վերաբերում է Նաիրիտի աշխատակիցների կրճատմանը, ապա պարոն Թադեւոսյանն ասաց, որ հերթով նամակներ են ստանում եւ երկու ամիս առաջ, ինչպես օրենքն է պահանջում, ծանուցվում են աշխատանքից ազատման մասին:
Նշենք, որ կրճատման ենթակա մոտ 2200 աշխատակից կա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ