Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» գիտաժողով

Դեկտեմբեր 15,2014 17:39

եկտեմբերի 15-ին, Ամերիկայի հայկական համագումարի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամի կողմից և Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի ու ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված «Հարևաններ. հայացք Հայաստանից՝ վերլուծելով 2014-ը» եռօրյա գիտաժողովի առաջին օրվա հանդիպումը, որի առանցքը հայ – ադրբեջանական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն էին:

Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան քաղաքագետ Աննա Կարապետյանը (Խաղաղ կարգավորման գործընթացը 2014 թվականի իրադարձությունների համատեքստում), քաղաքագետ Արմեն Մինասյանը (Արցախյան հիմնահարցի շուրջ 2014թ. իրադարձությունների ընդհանուր վերլուծություն) տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան (Արցախյան հիմնահարցի տեղեկատվական ասպեկտը 2014 թվականի իրադարձությունների համատեքստում):

Մասնավորապես, Աննա Կարապետյանը իր խոսքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից 2014-ը կարելի է համարել «չիրականացված սպասելիքների տարի», քանի որ բանակցային գործընթացում չկան էական ձեռքբերումներ, ավելին, տարին լի էր հակամարտության էսկալացիայի տարբեր դրսևորումներով (պարբերական դիվերսիաներ, հուլիս – օգոստոսյան սրացում, նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցում և այլն): Ա. Կարապետյանը նշեց նաև, որ էսկալացիայի թուլացման համար շոշափելի դերակատարում ունեցան ՌԴ նախագահ Վ. Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի և ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրիի նախաձեռնությամբ կազմակերպված 3 հանդիպումները նախագահներ Սարգսյանի ու Ալիևի միջև: Այնուամենայնիվ, նոյեմբերյան իրադարձություններից հետո զգալի է վստահության հսկայական անկում, ինչի վառ դրսևորումը ԵԱՀԿ նախարարների խորհրդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չհանդիպելն էր, ինչը փաստում է, որ խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլում կողմերի միջև անմիջական հանդիպումների կազմակերպումը բավական բարդացել է: Աննա Կարապետյանը նշեց, որ 2015 թվականին գործընթացի զարգացումների հետ կապված իր կանխատեսումները լավատեսական չեն. Ադրբեջանի տարաբնույթ գործոնների ազդեցության տակ գալիք տարում կշարունակի լարված պահել իրավիճակը հակամարտող ուժերի շփման գոտում:

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը, իր հերթին, նկատեց, որ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը արդյունք տալիս է՝ ի նկատի ունենալով, որ տարածաշրջանում թեկուզև փխրուն, բայց խաղաղությունը պահպանվում է՝ չնայած սուր էսկալացիոն դրսևորումներին: Ա. Մինասյանը նկատեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաշխարհային հանրույթի անդամ են, հետևաբար կրում են գլոբալ գործընթացներից եկող բոլոր ազդակների ազդեցությունը: Մանրակրկիտ անդրադառնալով այդ ազդակներից յուրաքանչյուրին (Ռուսաստան – Արևմուտք փոխհարաբերություններ, Էներգակիրների շուկայի կոնյուկտուրայի տրանսֆորմացիաներ, ինտեգրացիոն գործընթացներ, տարածաշրջանային հաղորդակցության նախագծեր, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներ և այլն)՝ Մինասյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ եռանախագահող երկրների միջև առկա է կոնսենսուս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, այն է՝ իրենց համար ընդունելի է ցանկացած լուծում, որին կհանգեն հակամարտող կողմերը և որ եռանախագահողների կողմից ճնշումներ չեն գործադրվելու կողմերից և ոչ մեկի վրա: Ուստիև, հակամարտության շփման գծում պարբերական սրացումները պատճառն են այն բոլոր ազդակների նկատմամբ Ադրբեջանի ռեֆլեքսների, քանի որ Ադրբեջանում այսօր, ցավոք սրտի, «ամենավաճառվող ապրանքը» հակահայկականությունն է, ուստի տարբեր խնդիրներ շրջանցելու նպատակով պաշտոնական Բաքուն հաճախ սրում է իրավիճակը՝ հասարակությանը շեղելով այլ գործընթացներից:

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր խոսքում նշեց, որ շատ հաճախ առկա իրողությունները տարբերվում են նրանից, ինչը ներկայացվում է մեդիադաշտում: Սա հատկապես արդիական է ադրբեջանական մեդիադաշտի պարագայում: Այդ առումով 2014 թվականը աննախադեպ էր, քանի որ հուլիս – օգոստոս ամիսներին հատկապես ադրբեջանական ապատեղեկատվության հսկայական ծավալի ականատեսը եղանք: Փորձագետը նշեց, որ այդ փուլում գովելի ու պրոֆեսիոնալ աշխատեց հայկական մեդիադաշտը և կարծիքի առաջատարները՝ չնայած որոշ բացառություններին՝ թույլ չտալով ադրբեջանական ապատեղեկատվության մուտքը հայկական մեդիադաշտ: Խոսելով ադրբեջանական մեդիադաշտում այսօր տիրող իրավիճակից՝ Ա. Էլիբեգովան նկատեց, որ Ադրբեջանում հատկապես օգոստոսյան իրադարձությունների ընթացքում ունեցած վրիպակներից հետո պետական մակարդակով ամբողջությամբ վերահսկվում է մեդիադաշտը՝ թույլ չտալու համար պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն: Արդյունքում մեծանում են հայկական մեդիադաշտից տեղեկատվություն ստացող ադրբեջանցիների քանակը:

Ամփոփելով իրենց զեկույցները՝ բոլոր զեկուցողները միակարծիք էին, որ 2015 թվականի զարգացումները կանխատեսելու համար 2014 թվականի իրադարձությունները լավատեսական հույս չեն ներշնչում:

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով, որի ընթացքում շոշափվեցին նաև այն հարցերը, որոնք դուրս էին մնացել զեկուցողների տեսադաշտից:

 

«Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031