Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես նշվել է, որ 1560 շենքերում կատարվել են թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ, ընդ որում, 37 շենքում՝ հիմնանորոգում: Կատարվել են նաև շենքերի մուտքերի դռների և պատուհանների ապակեպատման, ջրամատակարարման ու ջրահեռացման, խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է շենքերի մուտքերի վերանորոգման ծրագիրը: Ընդ որում, տարեկան ծրագրով նախատեսված 727 մուտքի փոխարեն վերանորոգվել ու բնակիչներին է հանձնվել 812 մուտք:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով Ամանորին ընդառաջ բացօթյա առևտրի հնարավոր փորձերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շրջայցեր կազմակերպել վարչական շրջաններում և սահմանել ամենօրյա խիստ հսկողություն:
Մայրաքաղաքում իրականացվող ծառերի սանիտարական էտի աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ տարվա ընթացքում էտվել և ձևավորվել է 23 հազար ծառ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնել դրանք:
Հաշվի առնելով, որ հիմնականում ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ըստ համակարգման ոլորտների հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան