Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 142 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով չնախատեսված տեղերում աղբը թափողներին հայտնաբերելու և երևույթն առհասարակ բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն իրազեկել հանրությանը:
«Երբ մեր համաքաղաքացիները պահանջում են մաքուր Երևան, առաջինը հենց իրենք, լինելով քաղաքի տերը, պետք է գիտակցեն մայրաքաղաքը մաքուր պահելու պատասխանատվությունը: Ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք այս ուղղությամբ և, անկախ նրանից, անհատ քաղաքացի է, կազմակերպություն, թե աշխատանքներում թերացող սանմաքրման ձեռնարկություն, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկեք: Վստահ եմ, որ միասնական ուժերով կարճ ժամանակահատվածում այս հարցին լուծում կտանք, նաև՝ յուրօրինակ մշակույթ կձևավորենք: Այնքան ժամանակ պետք է շարունակենք մեր աշխատանքը, մինչև երևույթն իսպառ վերանա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խմբի միջոցով մշտական վերահսկողություն է սահմանված մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում դեռատիզացիոն աշխատանքների նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ ծրագրայինից զատ, ըստ անհրաժեշտության, կատարվում են նաև լրացուցիչ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարան