Այս պահին ակտիվիստները Նալբանդյան 130 հասցեում են՝ Ոստիկանության շենքի դիմաց: Ոստիկանները պատ կազմած նրանց արգելում են մոտենալ ոստիկանության շենքին, հրաժարվում են պատասխանել ակտիվիստների հարցերին, թե ինչու են խոչընդոտում իրենց ազատ տեղաշարժման իրավունքը:
Ակտիվիստները վանկարկում են՝ «ա-մոթ» եւ որոշ վիրավորական արտահայտություններ են ուղղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հասցեին:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Երանոսյանը սպառնացել էր կտրել քաղաքացիների ականջները, որոնք կհամարձակվեն նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալ:
Ակտիվիստները նաեւ զանգել են ՄԻՊ արագ արձագանքման խմբին, տեղեկացրել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտելու մասին:
Չնայած ակտիվիստները նախաձեռնել էին գնալ Բաղրամյան 26, բայց այս պահին մտադրություն չունեն ոստիկանության շենքի առջեւից հեռանալ: Նրանք պահանջում են թույլ տալ մոտենալ ոստիկանության շենքին, որպեսզի իրենց ձայնը ավելի լսելի դառնա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ