Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Ես դրանք չեմ կապում իրար հետ. պատգամավորի նկատմամբ բռնություն եղավ, մեքենաներ հրկիզվեցին, նման հայտարարություն եղավ»

Դեկտեմբեր 15,2014 16:33

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր տեղի ունեցած «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովության հարցում» միջազգային համաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

«Հրկիզված մեքենաների» հետ կապված, ըստ գլխավոր դատախազի, քրեական գործ է հարուցվել. «Գույքը դիտավորությամբ փչացնելը կամ ոչնչացնելը հոդվածի բնույթը եւս պահանջում է, որպեսզի դա լինի մասնավոր գանգատի հիման վրա: Այս դեպքում, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունն իր արդյունքները կտա: Ես դրանք չեմ կապում իրար հետ. պատգամավորի նկատմամբ բռնություն եղավ, մեքենաներ հրկիզվեցին, նման հայտարարություն եղավ…Դրանք յուրաքանչյուրն ինձ համար առանձին հանցագործություններ են, եւ առանձին պետք է տրվի համապատասխան գնահատական»:

«Մարտի մեկի գործով» դատախազը հանձնարարական էր տվել քննիչին, ցուցում, որպեսզի գործը տարանջատվի, յուրաքանչյուր մահվան դեպք առանձնացվի. «Արդեն այդ գործերի մի մասն անջատվել է եւ ուղարկվել դատախազություն: Յուրաքանչյուր քրեական գործով ինչ անելիքներ կլինեն:

Նախաքննության մարմինը բազմակողմանի քննություն է իրականացնում, եւ մենք հնարավորություն կունենանք գնահատելու»:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ին, որ իրականացրել է նախաքննությունը, գլխավոր դատախազն ասաց. «Երբ որ քրեական գործը երկու հարյուր հիսունից ավելի հատոր ունի, տվյալ քրեական գործը լուրջ խնդիր ունի: Բայց որպեսզի առարկայացվի, որպեսզի յուրաքանչյուր մահվան կապակցությամբ առանձին քննություն իրականացվի, մի նպատակ կա. որպեսզի երաշխավորվի արդյունավետ քննության հնարավորությունը յուրաքանչյուրի պարագայում, դրանով պայմանավորված մենք որոշեցինք անջատել առանձին -առանձին»:

Զինուժերում տեղի ունեցածի կապակցությամբ, պարոն Կոստանյանն ասաց, որ այս տարի տեղի է ունեցել երկու ինքնասպանության դեպք:

«Մահվան ելքով դեպքերը բանակում կտրուկ եւ էականորեն, անհամադրելիորեն նվազել են: Այն դեպքում, երբ մենք հնարավորություն ունենք, 2010, 2011, 2012 թվականները համեմատենք: Ունենք բավարար հիմքեր, պնդելու առնվազն մի բան. որ մենք ունենք կայուն նվազում: Այո, յուրաքանչյուր դեպք ցավալի է, դա դժբախտություն է բոլորիս համար, ոչ միայն ծնողների, յուրաքանչյուր հայի»

Հատուկ քննչականի կողմից Վալերի Օսիպյանի վերաբերյալ Սմբուլ Հովհաննիսյանի հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել, դատախազությունն էլ անփոփոխ էր թողել:

Մեր գործընկերոջ հարցին, թե արդյոք գործ չունե՞նք սուտ մատնության հետ,Վալերի Օսիպյանին մեղադրելով, որ նա փորձել է գործարքի գնալ Սմբուլի հետ, գլխավոր դատախազը պատասխանեց .«Սուտ մատնությունն ակնհայտ սուտ մատնությունն է: Շատ դեպքերում, մարդը հայտարարում է մի բան, հետո ժամանակի ընթացքում ՝դե ես այդպես եմ ընկալել, այո, դա այդպես չի եղել: Սուտ մատնությունն ամեն դեպքում չի, որ քրեական պատասխանատվություն է ենթադրում: Միայն ակնհայտ սուտ մատնության դեպքում կարող ենք խոսել քրեական պատասխանատվության մասին: Ինչ վերաբերում է ինչ հիմքեր կային, հիմքերը բավարար էին քրեական գործը կարճելու համար: Եվ բավարար հիմքեր չկային սուտ մատնության համար»:

Գլխավոր դատախազն անդրադառնալով քննիչների կարճված գործին, որի մասին իրազեկել է մեր լրատվամիջոցը, պատասխանեց. «Տվյալ անձինք ուղղակի դիտավորություն չեն ունեցել այդ արարքը կատարելու համար, կամ տվյալ անձինք հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու այդ իրենց արարքի հետեւանքի վտանգավորությունը, դրանով պայմանավորված, սուբյեկտիվ կողմի բացակայության հիմքով քրեական գործը կարճվեց: Ընդ որում՝ ոչ բոլորը, մի մասը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031