Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ վնասվածքի հետ կապված որոշ մանրամասներ պարզելու համար.
«Առաջին խաղակեսի միջնամասում ցավեր զգացի և փոխարինում խնդրեցի: Բլաշիկովսկին արդեն պատրաստվում էր դուրս գալ փոխարինման, բայց այդ պահին մենք վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ: Ես հարվածեցի գնդակին, որից հետո զգացի, որ ցավն ավելի ուժեղացավ, և այլևս չկարողացա շարունակել հանդիպումը: Բուժզննումը ցույց տվեց, որ աջ ոտքիս ազդրի մկանի կտրվածք կա: Բժիշկների կարծիքով ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Հուսով եմ, որ վերականգնումս արագ կընթանա և մոտ ապագայում կկարողանամ ամբողջովին ներդնել ուժերս ինչպես իմ ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի խաղերում»: