Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Պետությունը պետք է գնա պատիժների կրման համակարգի փոփոխությանը»

Դեկտեմբեր 15,2014 16:23

«Գերբեռնվածությունը՝ որպես քրոնիկ հիվանդություն, գոյություն ունի քրեակատարողական հիմնարկներում»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության նպաստող գործոնների թիվը շատ է. «Առաջին հերթին նշվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառման վերաբերյալ փորձի շարունակությունը, այսինքն՝ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների մի ամբողջ շարքից, որպես կանոն, կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց: Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերը շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում»:

Նրա խոսքերով՝ պատիժների նշանակման ժամանակ, որպես կանոն, արդարացման դատավճիռները շատ քիչ են. «Այսինքն՝ կարծես՝ նախաքննության ընթացքում ամբողջ ապացուցողական բազան ուղղակի դատաքննության ընթացքում ապացուցվում է: Դուրս է գալիս, որ մեր նախաքննական մարմինները հիանալի աշխատում են, այն դեպքում, երբ տեսնում ենք հատկապես վերջին ժամանակներում բավականին լուրջ խնդիրներ կան թե՛ հետաքննության մարմինների, թե՛ նախաքննության մարմինների կողմից ապացույցների ձեռքբերման օրինականության հետ կապված»:

Արթուր Սաքունցը համարում է, որ պետությունը պետք է գնա պատիժների կրման համակարգի փոփոխությանը. «Օրինակ՝ որոշ երկրներում, եթե մարդը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվում եւ ազատազրկման ձեւով պատիժ է նշանակվում, որոշ հանցագործությունների դեպքում ինքը հերթի է սպասում՝ մինչեւ տեղ բացվի եւ ինքն իր պատիժը կրի՝ ազատազրկման միջոցով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031