Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտեց ազատամարտիկների եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարվածը եւ քննադատեց ոչ իշխանական ուժերին՝ այսօրվա արտահերթ նիստը բոյկոտելու համար: Նրա խոսքերով՝ կատարված միջադեպերը հարիր չեն մեր տեսակին: «Կարծում եմ՝ այն իրականացվեց՝ այս հանդարտ ընթացքը պղտորելու եւ աղավաղելու նպատակով: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սա հենց այդ նպատակն ուներ: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այս գործողություններն իրականացրել են մարդիկ, որոնց ձեռնտու չէր այս խաղաղ ընթացքը հանրահավաքների, դեկտեմբերի 10-ի երթը, այս խաղաղ, առանց միջադեպերի ընթացքը: Կամ ինչ-որ քաղաքական ուժերի, կամ ինչ-որ մարդկանց դա ձեռնտու չէր: Կամ մարդկանց, որոնք անցյալում իրենց քաղաքական կարիերայի ընթացքում նման միջադեպերով փորձել են ջուրը պղտորել: Սա ընդհանրապես իշխանություններին պետք չէր եւ իշխանությունների ձեռագիրը չէ: Ես դատապարտում եմ սա»:
Այնուամենայնիվ, Մարգարիտ Եսայանը գտնում է, որ ՀՀԿ-ն այսօր սխալվել է. «ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դատապարտելու պահանջով, ե՛ւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է հանդես եկել: Բայց այսօրվա նիստի ընթացքում մենք մի փոքրիկ վրիպակ թույլ տվեցինք: Մենք ինքներս պետք է դրա մասին խոսեինք, հայտարարությամբ հանդես գայինք, բայց մենք ավելորդ անգամ անիմաստ ձեւով ոչ իշխանական ուժերին տվեցինք հնարավորություն հերթական շոուն կազմակերպելու ԱԺ դահլիճում, ինչից իրենք արագ եւ հաճույքով օգտվեցին: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց ընդմիջում անել, հանդիպել եւ քննարկել իրավիճակը, ինչը տեղի ունեցավ: Հետո ԱԺ նախագահը հայտարարեց, որ պատրաստ է հրավիրել արտահերթ նիստ, ինչի մասին խոսում են ոչ իշխանական ուժերը: Բայց այդ շոուի մասնակիցներին դա չբավարարեց: Իրենք փորձեցին շոուն ավելի թեժ դարձնել, ինչն իրենց գցեց ավելի ծիծաղելի վիճակի մեջ: Որովհետեւ եթե դիմացինը պատրաստակամ է քննարկել, արտահերթ նիստ հրավիրել, դու նորից հայտարարում ես, որ բոյկոտում ես նիստը, դա նշանակում է, որ դու անբարեխիղճ աշխատող ես, հարկատուների հաշվին ստանում ես աշխատավարձ եւ չես ուզում գալ աշխատանքի: Ես բառեր չեմ գտնում գնահատելու այն պահվածքը, որը դրսեւորեցին այդ քաղաքական ուժերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ