Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը վերադարձավ դահլիճ. «Ավելի ճիշտ չէ՞ր լինի մենք էլ բազարների մեջ մտնեինք»

Դեկտեմբեր 15,2014 16:01

«Դեմ լինելով ԵՏՄ-ին անդամակցության ողջ փաթեթին` ինձ հետաքրքրում է` որտեղից այս շտապողականությունը, թըթ-շըփ, մեկօրյա, 24-ժամյա, արտահերթ ռեժիմով, ուզում ենք այս գործընթացն անել ու դեռ հասկանալի չէ, թե մեր գործընկերներն ուզում են վավերացնել, թե ոչ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նշենք, որ թեև ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին նիստը, սակայն որոշ պատգամավորներ վերադարձել են խորհրդարան: Այս առիթով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե լավ է, որ «մեր ընդդիմադիր գործընկերներն աշխատում են մեզ հետ»:

Պարոն Արզումանյանը համարում է, որ քաղաքական այս գործընթացը թևակոխել է շուկայական փուլ, քանի որ «Ամանորին ընդառաջ՝ մեր երկու գործընկերները փորձում են առավելագույնը պոկել ՌԴ-ից; Այս պայմաններում ավելի ճիշտ չէ՞ր լինի մենք էլ բազարների մեջ մտնեինք և փորձեիք առավելագույն բաներ քաղել: Մոտավորապես այսպես` այս կտաք` կվավերացնենք, չեք տա, չենք վավերացնի: Իսկ մենք խելոք աշակերտի նման մեր տնային աշխատանքն ենք կատարում: Ո՞ւր ենք շտապում»:

Նույն մտահոգությունը հնչեցրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. «Ո՞րն էր պատճառը շտապելու` չհասցրինք օրենքը լուրջ քննարկել, ակնհայտ է, որ մինչև հունվարի 2-ը չի վավերացվելու այս պայմանագիրը Ղազախստանի և Բելառուսի կողմից և մենք շտապելով քաղաքական առումով ուզում ենք օր առաջ սա հաստատված լինի: Չեք կարծո՞ւմ, որ զուտ քաղաքական առումով նպատակահարմար կլիներ սպասել, որ վավերացնեինք, հետո անցնեինք այս գործընթացին»:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Իհարկե, մենք փորձում ենք ապահովել մեր ողջ իրավական դաշտը հնարավորինս սեղմ ժամկետում մեզ համար: Նպատակը անդամակցության առավելություններից հնարավորինս շուտ օգտվելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031