Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված քրեական գործով օրերս կալանավորված ՀԱԷԿ-ի Մեծամորի ատոմակայանի նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսիսյանը մեղադրվում է «Քրեական օրենսգրքի» 179-րդ հոդվածի՝ «Յուրացնելը կամ վատնելը» 3-րդ մասի` 1-ին կետով` «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով»:
Իսկ ըստ հոդվածի 1-ին կետի սահմանված է` «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Նրա փոխանցմամբ` մյուս հոդվածը, ըստ որի մեղադրվում է ՀԱԷԿ-ի փոխտնօրենը հետեւյալն է`«Քրեական օրենսգրքի» 190-րդ հոդվածի`«Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)» 3 մասի 1-ին կետով` «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Այս հոդվածի 1-ին կետն էլ սահմանում է` «Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը, տվյալ նյութական արժեքները ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել նշված նյութական արժեքների կամ դրանց առնչվող իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, գտնվելու վայրը, տեղաբաշխումը, շարժը կամ իրական պատկանելությունը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս էլ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էր, զբաղվել է ատոմակայանում ծագած խնդիրներով: Մասնավորապես, ինչպես ներկայացրեց Aravot.am-ին տիկին Բախշյանը, 2008 թվականին, երբ ՀԱԷԿ-ի մոտ 160 աշխատակիցների ստորագրությամբ նամակ էր ստացել, որտեղ նրանք նշել էին, որ իրենց աշխատավարձերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Հետամուտ լինելով խնդրին, տիկին Բախշյանը պարզել է, որ 2001-թվականին Ազգային ժողովը (ԱԺ) օրենք էր ընդունել, որ առողջությանը վնաս հասցնող հիմնարկներում աշխատավարձերի հավելավճարներ, նույնիսկ կրկնակի վճարումներ պիտի կատարվեն: Աշխատակիցները նշել էին, որ իրենք սահմանված ցանկի մեջ են, սակայն տարիներ շարունակ չեն ստացել այդ աշխատավարձերը: Այս մասին մանրամասները` շուտով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ