«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին, ըստ որի՝ ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով է հարստացվելու, ասաց, որ սպառողական կազմակերպությունների եւ համապատասխան մասնագետների հետ քննարկումներ են իրականացնելու, եւ միայն դրանից հետո կհայտնեն իրենց եզրակացությունը. «Մտածում եմ, որ այս հարցում թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը եւ մենք մասնագետների օգնությամբ, միգուցե, կարողանանք կառավարությանը համոզել, որպեսզի այդ մասսայական վիտամինիզացումը չլինի, որպեսզի կարողանանք ավելի փոքր չափերի հասցնել այն»:
Տիկին Հակոբյանի խոսքով՝ այս պարագայում խախտվում եւ ոտնահարվում է սպառողի ընտրության իրավունքը. «Մեզ ընտրության հնարավորություն չեն տալիս, որպեսզի տեսնենք՝ ինչ ենք ուզում: Հուսամ՝ մեր իշխանությունները կգնան զիջումների»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ ամփոփեց տարին եւ ներկայացրեց հացաբուլկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի եւ խմիչքեղենի շուկայում 2014 թվականին անցկացրած մարքեթինգային հետազոտությունների արդյունքները։
Հացաբուլկեղենի արտադրման եւ իրացման ոլորտը, ըստ բանախոսի, Հայաստանում բավականին վատ վիճակում է, քանի որ արտադրողների փոքր տոկոսն են փաստաթղթերի համապատասխան արտադրում եւ իրացնում. «Իսկ փաթեթավորման մասին խոսք չի էլ գնում, հաց արտադրողները անհայտ են սպառողի համար: Շատ խանութներում չգիտեն, թե ումից են հաց վերցնում, ասում են՝ «Մոսկվիչով» եկան եւ բերեցին»։
Կարդացեք նաև
Կաթնամթերքի շուկայում Ռուբեն Հայթյանը 3 տասնյակ արտադրողներից առանձնացրեց ընդամենը 4-5 ընկերություն, որոնք բարեխիղճ արտադրողներ են. «Նրանց մոտ մակնշումը ճիշտ է, նրանք նշում են, որ արտադրանքը պատրաստված է չոր կաթից: Այդ ընկերություններից են՝ «Աշտարակ կաթը», «Թամարան», «Չանախը»: Մսամթերքի շուկայում էլ մոտ վեց տասնյակից ավելի արտադրողներից ընդամենը 10-12-ն են առանձնացնում բանախոսները, նշելով, որ նրանք օգտագործում են նույն ներկրողի միսը, եւ, բարեխղճորեն վերամշակելով, ստանում են համեմատաբար լավ արտադրանք: Այդ ընկերություններից մի քանիսն են՝ «Բարի սամարացի», «Բեկոն պրոդուկտ», «Աթենք», «Մուշ»: Հյութերի եւ ըմպելիքների շուկային անդրադառնալով, Ռուբեն Հայթյանն ասաց, որ իրենց արտադրանքը հյութ չէ, այլ նեկտար է եւ արտադրողը պարտավոր է տուփի վրա գրել ոչ թե «Հարյուր տոկոս բնական», այլ նշել, որ այն նեկտար է:
Անդրադառնալով վերջերս արձանագրված գնաճին՝ բանախոսները տեղեկացրին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների, բոլոր մթերքների եւ տնտեսական ապրանքների գները բարձրացել են 15-20 տոկոսով, նաեւ կտրուկ աճել է նպարեղենի գինը՝ 40 տոկոսով: Մասնագետներն այս գնաճը պայմանավորում են հենց դրամ- դոլար փոխարժեքի տատանումներով:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ