Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կանի Գալուստ Սահակյանը, երբ իր մոտ Սերժ Սարգսյանին հայհոյեն. «Ռեակցիաս ուժեղ կլինի, տեղը տեղին»

Դեկտեմբեր 15,2014 15:18

Վերջին օրերի միջադեպերի՝ ազատամարտիկներին եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ հարցերով ամենից շատ ԱԺ-ն է զբաղվել՝ հանձինս իրեն. «Մարդիկ մտածում են, որ ով ինչով զբաղվում է, կայքով կարող են հրապարակել ու դրանով ինչ-որ դիվիդենդներ ձեռք բերել, ես դա անամոթություն եմ համարում: Չի կարելի, որ եթե տուժված կողմ կա, դա անձնական, քաղաքական նպատակներով շահարկել: Մենք կողմնակից ենք, որ ամեն ինչ անենք, որպեսզի արդարադատությունը գործի: Ես խոսել եմ եւ Առաքել Մովսիսյանի հետ, խոսել եմ նաեւ Արամ Մանուկյանի հետ, նաեւ երկրապահի տղաների հետ: Մարդիկ մտածում են, որ ԱԺ-ն դատարան է, եւ վճիռներ պիտի կայացնի, ոչ թե արդարադատությանն անընդհատ անհարմար վիճակի մեջ գցել եւ մասնակից դառնալ քննչական գործողությունների: Ես օրեր առաջ էլ հավատացնում էի, որ Արամ Մանուկյանի գործը կբացահայտվի: Առաջին րոպեներից էլ ես անձամբ եմ զբաղվել, բոլոր մանրամասնություններին տեղյակ եմ: Գիտեմ, որ ձերբակալված անձը հայտնի է, բայց գաղտնիության մասին խնդիր կա, ինձ թույլ չեմ տա ասել»:

Ինչ վերաբերում է Առաքել Մովսիսյանին, որի վարորդն է հենց, ըստ iLur.am-ի տեղեկության, ծեծել Արամ Մանուկյանին, Գալուստ Սահակյանն ասաց. «Առաքել Մովսիսյանը ընդհանրապես անհեթեթ է համարում իրեն որեւէ բան վերագրել, որովհետեւ նա այն ազատամարտիկներից մեկն է, որը բոլոր ազատամարտիկների հետ շփվում է ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ դրսում: Եթե ինչ-որ մի բան քաղաքական շրջանառության մեջ է մտնում, թիրախներ են ձեւավորվում: Եթե նման բան լինի, քննչական մարմինը անպայման տեղյակ կպահի»:

Գալուստ Սահակյանը կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Մասնավորապես, Արամ Մանուկյանի դեպքում, ինքը ընդհանուր առմամբ բարեկիրթ, բարեպաշտ անձնավորություն է, թշնամիների որոգայթի մեջ չի եղել նորանկախ Հայաստանում»:

Երբ մենք հիշեցրինք, որ Աբովյանի հանրահավաքում նա հայհոյել է Սերժ Սարգսյանին, հնարավո՞ր է դա լինի պատասխանը՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Հայհոյողներն այսօր շատ են՝ ե՛ւ լրագրողները, եւ քաղաքացիները, եւ քաղաքական ուժերը: Մտածում եք դա այն վերաբերմունքն է, որն անպայման պիտի բռնարարքների՞ տանի»:

Լրագրողները ճշտեցին՝ եթե Ձեր մոտ Սերժ Սարգսյանին հայհոյեն,Դուք ի՞նչ կանեք: Նա պատասխանեց. «Բնականաբար, ռեակցիաս ուժեղ կլինի: Բայց կլինի իրավաչափ եւ տեղը տեղին, ինչպես միշտ եղել է»: Իսկ երբ հստակեցրին՝ այդ իրավաչափ գործողությունների մեջ ականջները կտրելը մտնո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Մարդու միտքը այնքան խորն է, կարող է նման արտահայտություն թույլ չտա, ավելի ուժգին խոսք ասի: Աշխարհում որեւէ միջոց առավել չի, քան խոսքը: Դուք մամուլի աշխատողներ են, պետք է իմանաք»:

Հարցին՝ Լեւոն Երանոսյանը դրսի ո՞ւժ է, երբ ասում եք, որ դրսի ուժերն են խառնված այս միջադեպերին՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում քննչական գործերի մեջ մտնել՝ ով է դրսի ուժ, ով է ներսի: Այն պահն է այսօր, որ ով ինչի մասին ուզում խոսում է, ով ինչի մասին ասես՝ դատողություններ է անում, ինչպես ցանկանում՝ գնահատական է տալիս: Ես սա համարում եմ եւ ձեռքբերում եւ իր հետ բերող շատ բացասական երևույթներ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Լեւոն Երանոսյանն ասել էր՝ ով նախագահին վատ բան ասի՝ ականջները կկտրի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, ես էլ եմ դատապարտում, որ պետական չինովնիկը, առավել եւս նման պաշտոն ունեցողը պետք է առավել զուսպ լինի: Բայց դարձնել դրոշակ եւ փորձել դրանով եզրակացություն անել, թե ով է կազմակերպել…Հայտարարության մեջ լրագրողը հարց է տվել, նա չի ասել, որ ինքն է արել, ասել է՝ հարցրեք Ռազմիկին»:

Լեւոն Երանոսյանի հրաժարականը պահանջելու մասին հարցին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նախ մարդու մեղքը պիտի ապացուցես, հետո նոր պատժես:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ տեղի ունեցածն ավելի շատ հարվածում է իշխանություններին, քան ուրիշ որեւէ մեկին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031