Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում կառավարության ներկայացուցիչների դիրքորոշումները չէին համընկնում

Դեկտեմբեր 15,2014 15:14

Վարչական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, երրորդ անձ «Օրինաց երկիր» կուսակցության գործով դատաքննությունը:

Հիշեցնենք՝ կողմը պահանջում էր վերացնել քաղաքապետի 14.11.2008թ. թիվ 5308 որոշումը եւ նույն օրը տրված 02/18-27908 քանդման թույլտվությունը:

Aravot.am-ը նշել էր, որ դատական նիստին կառավարության երկու ներկայացուցիչ էր մասնակցում՝ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի աշխատակից Արամ Մարտիրոսյանը, որը ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ կառավարության ներկայացուցիչն էր, եւ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Նորայր Հակոբյանը:

Դատական նիստի ընթացքում Արամ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի մոտ գտնվող գործի եւ այս գործի վարույթները միավորվեն, քանի որ միեւնույն առարկային են վերաբերում: Ըստ նրա՝ այդպիսով ավելի արդյունավետ կանցկացվի գործի քննությունը: Սակայն դահլիճում ներկա գտնվողները, այդ թվում նաեւ Պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչ Անգելինա Ավանեսյանը, որը հանդիսանում է այդ գործով հայցվորը, չգիտեին, որ գործը վարույթ է ընդունվել:

Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ պարզելու համար, թե իրոք գործը վարույթ է ընդունվե՞լ, թե՞ ոչ: Արդյունքում՝ պարզվեց, որ Վարչական դատարանը որոշում է կայացրել վարույթ ընդունելու մասին, սակայն կողմերը դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

Կառավարության մյուս ներկայացուցիչ Նորայր Հակոբյանը միջնորդությունն առարկեց՝ նշելով, որ կառավարությունը դեկտեմբերի իննին լիազորելով կրթության եւ գիտության նախարարությանը՝ նման դիրքորոշում չի հայտնել: Նա հանձնեց կառավարության դիրքորոշումը դատարանին եւ կողմերին: Միջնորդությունը առարկեցին նաեւ մնացած կողմերը: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը նշեց, որ միության անհրաժեշտություն քննության տեսանկյունից առկա չէ. «Սույն գործով հայցի առարկան վիճարկման հարց է, մյուսը առոչինչ ճանաչելու հարցն է, առարկայի նույնություն չկա»:

Դատավոր Կարինե Բաղդասարյանը հայտարարեց, որ միջնորդության մասին իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստի ընթացքում: Դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031